Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն



20-02-2020 11:52:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանին, այցելել Արցախում գործող մի շարք
ձեռնարկություններ:
 
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, Արցախի և Հայաստանի զինված ուժերի, ռազմարդյունաբերական համալիրի կոորդինացված մոտեցման մշակման հնարավորություններ:
 
Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու, ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջողված փորձը տեղայնացնելու, Արցախի երիտասարդների մտավոր ներուժը լիարժեք օգտագործելու և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր: 
 
Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային մասնագետների փոխայցելությունները, ինչը հնարավորություն կտա ապահովելու տեխնոլոգիական, ինժեներական կրթության, ռազմարդյունաբերության ոլորտներում և ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերում Արցախի երիտասարդների ներկայացվածությունը:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային փոխգործակցությունը նոր հարթություն տեղափոխելու ուղղությամբ՝ որպես առաջին քայլ նշելով խնդիրները գույքագրելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին:
 
Աշխատանքային այցի
շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է նաև Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի սարքավորումների հագեցվածությանը, զրուցել աշխատակիցների հետ: Քննարկվել են ՏՏ ոլորտի մի շարք խնդիրներ, բիզնես ինկուբացիոն ծառայություններին և տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը վերաբերող հարցեր:
 
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 533 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար