Արցախի խորհրդարանում մեկնարկել է գարնանային նստաշրջանը

20-02-2020 18:20:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 20-ին գումարել է 11-րդ նստաշրջանի առաջին նիստը:
 
Բացելով նիստը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ նշելով, որ 32 տարի առաջ փետրվարի 20-ին Արցախի ժողովուրդն աշխարհի կողմից ճանաչվեց որպես իր ոտնահարված իրավունքների ու ազատությունների և պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու պայքարի ելած հանրություն: «Ղարաբաղյան շարժման արդյունքն այսօրվա Արցախի Հանրապետությունն է, որի միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր քաղաքական գլխավոր նպատակը», - ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
 
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ԱԺ դահլիճում ներկա 1988թ-ի ազատագրական պայքարի առաջամարտիկներին և ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով կամք և նորանոր հաջողություններ:
 
Նիստի և նստաշրջանի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է օրենքների նախագծերի քննարկմանը:
 
«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ  Խաչատրյանը: Վերջինս նշել է, որ  նախագծի առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկություն չի ներկայացվել:
 
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական  եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը քվեարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը: 
 
Հաջորդիվ խորհրդարանը լսել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած օրենքների նախագծերը.
 
«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով դատարանին հնարավորություն է ընձեռվում բացառիկ դեպքերում մարդասիրության սկզբունքից ելնելով՝ ազատազրկում պատժատեսակի փոխարեն նշանակել  ավելի մեղմ պատիժ:
 
Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Օրենքն ընդունվել է:
 
««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ նախատեսվում է սահմանել նոտարների՝ նոտարական գործողություններ իրականացնելու միասնական կարգ:
 
Պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:  Խորհրդարանը ընդունել է օրենքը:  
 
«Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ
ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը.
 
Առաջարկվող փոփոխությամբ կկատարելագործվի ՀԿ-ների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը: ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ընձեռմամբ՝ կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք: Առավել թափանցիկ կդարձվի ՀԿ-ների գործունեությունը, կապահովվի հասարակության անդամների տեղեկացվածությունը գործող ՀԿ-ների, նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության մասին:
 
Պատգամավորները նախարարին են առաջադրել նախագծով օտարերկրյա քաղաքացիներին տրվող հնարավորություններին և ՀԿ-ների ֆինանսական վերահսկողության վերաբերյալ հարցեր:  Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո 26 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
 
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվություն պարունակող հայտարարությունը կտեղադրվի նաև www.azdararnkr.am Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ տեղեկատվության հասանելիությունը և մատչելիությունն ապահովելու նպատակով:
 
Գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  եզրակացությունն այս դեպքում ևս դրական էր: Ազգային ժողովն օրենքն ընդունեց առաջին ընթերցմամբ:
 
«Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը, որով համապատասխան պայմաններ կստեղծվեն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց հայտնվելու կամ գտնվելու վայրը հայտնի դառնալու դեպքերում դատարանի կողմից նախկինում անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին վճիռները վերացնելու մասին  վճիռ կայացնել նաև շահագրգիռ անձանց կամ մարմինների դիմումի հիման վրա:
 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո խորհրդանն ընդունել է օրենքը:
 
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը: Նախարարի խոսքով՝ առաջարկվող օրինագծով միաժամանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու ցանկության դեպքում՝ վիճակահանությանը կմասնակցի միայն մեկ եղբայրը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե համապատասխանում է տվյալ զորամասում ծառայության նշանակելու պայմաններին: Նախարարի փոխանցմամբ՝ պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով՝ նախագծով հնարավորություն կընձեռվի պայմանագիր կնքել նաև երկու տարի ժամկետով, իսկ ակադեմիական ուսումնառություն ունեցող կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ավարտած անձանց,  հնարավորություն կտրվի առաջին պայմանագիրը կնքել երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով: Առաջարկված փոփոխությամբ պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու տարիքը 36 տարեկանի փոխարեն կսահմանիվի 40 տարեկան: Առաջարկվող փոփոխությամբ, ավագ ենթասպայական կազմի զինծառայողները նույնպես կօգտվեն մատչելի և երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման ծրագրից: Կարեն Աբրահամյանի խոսքով՝ նախագծով մարտական գործողությունների
մասնակցի կարգավիճակի տրամադրումը և շնորհումը կվավերացվի պաշտպանության նախարարի հրամանով:
 
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանն ընդունել է օրենքը:
 
«Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը կամրագրի փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները, և ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը, կհստակեցվեն «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունները:
 
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, որին հաջորդել են պատգամավորներ Վիլեն Սաֆարյանի և Ալյոշա Գաբրիելյանի ելույթները: 20 կողմ,  3 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է:
 
Նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով: Կառավարության անդամները պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, պատասխանել են պատգամավորների՝ ուսուցիչներին տրվող հավելավճարներին, վերաբնակիչների համար սեփականաշնորհման գործընթացի առանձնահատկություններին և սողանքային վայրերի անհրաժեշտ ուսումնասիրությանը վերաբերող հարցեր:
 
Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Ռամելա Դադայանը և Հայկ Խանումյանը:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 592 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար