Վարչապետի նոր առաջարկը. «համաներման գինը»՝ 1,5 միլիարդ դոլար բանակին
21-02-2020 10:14:04 | Հայաստան | Վերլուծություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկա տարիներին բանակի սպառազինության արդիականացման համար նախատեսված 2,5 միլիարդ դոլարից 1,5 միլիարդը պետք է ապահովվի կոռուպցիայի դեմ պայքարի շնորհիվ, յուրացվածը վերադարձնելու խնդրի համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը 2,5 միլիարդ դոլարի մասին հայտարարել էր դեռեւս 2018 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրության նախընտրական շրջանում, ասելով, որ բանակի սպառազինության համար հնգամյակի ընթացքում պետք է ծախսվի այդքան:
Այդ հայտարարությունից հետո առիթ եմ ունեցել գրելու, որ դե ֆակտո հայտարարվում է այն չափը, որը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է վերադարձնել նախկին համակարգից: Նիկոլ Փաշինյանը խոսում էր նաեւ այն մասին, թե հանրությունն ինչպես պետք է վերաբերի մարդկանց, որոնք վերադարձնում են փողերը, ինչ չափի վերադարձն է, որ պետք է համարվի այլեւս ներման ենթակա, եւ այլն:
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր նախկին համակարգի սեփականության լեգիտիմացման գինը՝ 2,5 միլիարդ դոլար, ուղղված անվտանգության խնդրի լուծմանը:
Այդ իմաստով, ներկայում հատկանշական է, որ Փաշինյանը հայտարարված թվի պայմաններում հստակեցնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն ու յուրացված փողի վերադարձը պետք է կազմի 1,5 միլիարդ, այսինքն հայտարարված թվից մեկ միլիարդ պակաս: Դա հետաքրքիր հայտարարություն է, հաշվի առնելով մի քանի հանգամանք:
2019 թվականին պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը ավելին էր եղել մոտ 1 միլիարդ դոլարով: Այդ մասին շաբաթներ առաջ գրել էր նաեւ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում: Արդյոք այդ մեկ միլիարդը, պայմանականորեն իհարկե,2,5 միլիարդի տրամաբանության շրջանակում էր, եւ փաստորեն մնաց 1,5 միլիարդ:
Թե՞ վարչապետ Փաշինյանը գործնականում փոխզիջումային նոր առաջարկ է անում նախկին համակարգին՝ սեփականության լեգիտիմության եւ համազգային կոնսենսուսի տրամաբանության շրջանակում, սահմանելով «հանրային ներման» գինը՝ 1,5 միլիարդ 2,5-ի փոխարեն:
Այդ ամենով հանդերձ, կառավարությունը նույն նիստում որոշում է ընդունել ապրիլի 5-ի ՍԴ հայտնի հանրաքվեի համար ԿԸՀ-ին ու ոստիկանությանը տրամադրել 3,5 միլիարդ դրամ: Շատերն են կասկածի տակ դնում հանրաքվեի նպատակահարմարությունն ու առավել եւս դրա համար ծախսի արդյունավետությունը: Միեւնույն ժամանակ, 1,5 միլիարդի մասին Փաշինյանի հայտարարությունը գործնականում ստեղծում է մի ուշագրավ հարաբերակցություն: Հանրաքվեն դիտարկվում է նաեւ որպես քայլ կոռուպցիայի դեմ պայքարի եւ հանրությունից ու պետությունից յուրացվածի վերադարձի էֆեկտիվության համար: Համենայն դեպս, գործնականում այդպիսին է քաղաքական հիմնավորման ընդհանուր տրամաբանությունը:
Ստացվում է, որ 3,5 միլիարդ դրամ ծախսվում է, 1,5 միլիարդ դոլար վերադարձնելու համար:
Իհարկե այլ հարց է, թե ինչպես կարձագանքի առաջարկի կամ գործընթացի մյուս կողմը: Դա կախված կլինի հանրաքվեի արդյունքից: