Ռուսաստանը հարվածեց. Թուրքիան օգնություն է խնդրում

21-02-2020 11:40:25   | Հայաստան  |  Վերլուծություն
Փետրվարի 20-ին Ռուսաստանը հայտնել է Սիրիայում ռազմաօդային գործողության մասին, որով հարված է հասցվել թուրքական միավորումներին եւ թուրքական բանակի աջակցությամբ Իդլիբ նահանգի Նեյրաբ բնակավայրը գրոհած զինված խմբավորումներին:
 


Թուրքիան հայտնում է երկու զոհի մասին: Թուրքական միավորներն ու նրանց աջակցությամբ զինված խմբավորումները գրոհել էին Նեյրաբ բնակավայրի սիրիական բանակի դիրքերը: Սիրիայի բանակը վերջին օրերին Իդլիբի ուղղությամբ իրականացրած ռազմարշավի արդյունքում վերահսկողության տակ է վերցրել շրջանի գրեթե կեսից ավելին, այդ թվում ռուս-թուրքական պայմանավորվածության ապառազմականացված գոտին:
 
Թուրքիան Սիրիայի բանակին աջակցելու համար, նաեւ պայմանավորվածությունը խախտելու համար մեղադրում է Ռուսաստանին, նաեւ Իրանին: Անկարան հայտարարում է, թե համաձայն Աստանայի պայմանավորվածության կետերից մեկի, իրավունք ունի ռազմական պատասխան տալ ապառազմականացված գոտու շուրջ պայմանավորվածության խախտմանը:
 
Արդեն տեւական ժամանակ ընթանում են ռուս-թուրքական գերատեսչական բանակցություններ, Իդլիբի հարցում
պայմանավորվելու համար, բայց առայժմ՝ ապարդյուն: Փետրվարի 20-ին տեղի ունեցած բախումը հերթականն էր, որը փաստացի անմիջականորեն թուրքական եւ ռուսական զինուժի ներգրավվածությամբ էր:
 
Հատկանշական է Բլումբերգի տարածած տեղեկությունը, որ Անկարան Վաշինգտոնից օգնություն է խնդրել Պատրիոտ զենիթային համալիրների տեսքով՝ Սիրիայում ռուսական օդուժին դիմակայելու համար: Այդ տեղեկությունը հատկապես ուշագրավ է նախօրեին ՌԴ նախագահ Պուտինի արած հայտարարության ֆոնին: Նա հիշել էր նախորդ տարեվերջին Սանկտ-Պետերբուրգում կանխված ահաբեկությունն ու այդ հարցում ամերիկյան օժանդակությունը: Ռոյթերզը գրել էր, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկության համար, որի շնորհիվ կանխվել էր Պետերբուրգում տոնական օրերին նախատեսվող ահաբեկությունը:
 
ՌԴ նախագահը փետրվարի 20-ին հիշելով այդ մասին, եւս մեկ անգամ շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահին, միաժամանակ ողջունելով ահաբեկության գլխավոր սպառնալիքի դեմ համատեղ պայքարն ու ասելով, որ Ռուսաստանն էլ պատրաստ է այդ հարցում օգնել ԱՄՆ-ին: Արդյոք Պուտինը ուղերձ է հղում Թրամփին՝ չօգնել Թուրքիային, ինչի դիմաց Ռուսաստանը գուցե պատրաստ է ԱՄՆ-ին մատուցել որեւէ կարեւոր ծառայություն:
 
Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում փոխադարձ սպառնալիքի ու շանտաժի ռեժիմում են: Պատմական «օրինաչափությամբ» այդ ամենը սովորաբար ավարտվում է Ռուսաստանի նահանջով: Կկրկնվի՞ պատմությունն այս անգամ, թե՞ Մոսկվան կգտնի դիմակայելու կամք: Ըստ երեւույթին, դրանից է կախված լինելու նաեւ, թե ուժային կենտրոնները ինչպես կընդունեն նոր աշխարհակարգի շուրջ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ պայմանավորվելու Պուտինի առաջարկը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

ծառայություն:   Ռուսաստանն
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2420 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար