Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո


Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո

  • 21-02-2020 11:50:19   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի պետական ջազ նվագախումբն ինքնատիպ գերշվինյան երեկո կնվիրի հայ ունկնդրին: Փետրվարի 22-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) հանդիսատեսը կհայտնվի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի հեքիաթային ստեղծագործական աշխարհում։
 
Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կներկայացվի Գերշվինի ստեղծագործական հարուստ ներկապնակը՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:
 
Ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898 թ.: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ Կոմպոզիտորը երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։
 
Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։
 
Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի` դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։
Նոյյան տապան  -   Մշակույթ