«Ուրիշի համաճարակը» մեր դարպասների մոտ է. պատրա՞ստ ենք այս մարտահրավերին


«Ուրիշի համաճարակը» մեր դարպասների մոտ է. պատրա՞ստ ենք այս մարտահրավերին

  • 22-02-2020 10:59:04   | Հայաստան  |  Հասարակություն

Իհարկե չեմ ուզում կռկռացողի տպավորություն թողնել, թեեւ խառնվածքովս միշտ կանխարգելման կոմնակից եմ, չեմ ընդունում «խնդիրները պետք է լուծել դրանց ծագմանը զուգահեռ» կենսաձեւը։
 
Ով-ով, բայց երեխաներս ինձ հաճախ են ասում, որ ես ամեն ինչ բարդ եմ տեսնում։ Բայց, հիմա կան Իրանում կորոնավիրուսով հիվանդների, մահացության փաստեր։ Նովրուզը սովորաբար հատում է մեր սահմանները իրանցի զբոսաշրջիկների հետ միասին։ Եթե մի որոշ ժամանակ առաջ Չինաստանը հեռավոր աղետի գոտի էր թվում, ապա հիմա արդեն «ուրիշի համաճարակը» մեր դարպասների մոտ է։ Դեռ մի ամիս առաջ գրիպի ուրիշ վիրուս քիչ էր մնում փակեր մեր դպրոցների ու մանկապարտեզների դռները, մեր տան փոքրիկներն էլ հիվանդացան։ Ու երբեք չգիտես, թե XXI-րդի ամենանենգ սպառնալիքը՝ վիրուսները, երբ կհասնեն քեզ, հարազատներիդ, ընկերներիդ, երկրիդ։
 
Պատրա՞ստ ենք այս մարտահրավերին, ունե՞նք, Աստված չանի, պետք եղած ժամանակ անհրաժեշտ քանակի վիրուսոլոգներ, համապատասխան բժշկական շենք, հազար ու մի այլ բան։ Ենթադրում եմ, ոչ։ Մտեք անգամ ամենասովորական ինֆեկցիոն մեր հիվանդանոցը, դրանում կհամոզվեք միանգամից, որ ոչ, պատրաստ չենք։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, եթե հանցավոր թողտվություն լինի, իսկ ես համոզված եմ, որ երբ պետական մեքենան շվեյցարական ժամացույցի պես չի աշխատում, այդ թողտվությունը կարող է տեղ ունենալ, այդ այսպես կոչված վիրուս-հինգերերոդ շարասյունը սողոսկի բանակ։ Մենք մեր ձեռքի տակի փոքրիկներին, որոնց աչքի լույսի պես ենք պահում, անգամ չենք կարողանում զերծ պահել ամեն տեսակ վիրուսներից։ Այդքան նենգ է այդ վիրուս կոչվածը։
 
Չգիտեմ, տագնապում եմ ահավոր։ Ու ամեն ինչ արդեն երկրորդական է թվում։ Դարի պահանջն է զարկ տալ վիրուսաբանության զարգացմանը Հայաստանում էլ։ Աղետի ժամանակ գիտեք չէ, որ ամեն մեկի համար նախեւառաջ իր եւ իր ընտանիքի անվտանգությունն է առաջնահերթ։ Ու սա բնական է։ Այդպես էլ պետությունների դեպքում է։ Ամեն մեկը նախեւառաջ իր բնակչության համար է մտահոգ եւ առաջին օգնությունը սեփական ժողովրդին է ուղղում։ Ուկրաինայի բնակիչները կանխել են Չինաստանից տեղափոխված ավտոբուսի մուտքը իրենց բնակավայր, քանի որ կարանտինի համար նախատեսված շենքն իրենց վստահություն չի ներշնչել։ Տգե՞ղ է, անմարդկայի՞ն է, այո, բայց սա էլ ասածիս ապացույցն է։ Ու մենակ հինգ րոպեն մեկ ձեռքեր լվանալով չես փրկվի, կամ էլ «վիրուսի դեմ պայքարը պետք է գլխում լինի» հավանական կարգախոսով։
 
Չգիտեմ ինչ է պետք անել, բայց դրա համար կան պաշտոնյաներ, որոնք պիտի հասկանան հիմա, այստեղ ու այս պահին, որ հանրաքվեից բացի կորոնավիրուս էլ կա։
 
Տանել չեմ կարող իրավիճակներ, որոնք անձամբ մեզանից չեն կախված, երբ մենք կրավորական ենք, ինձ համար սուբյեկտիվ պատճառները միշտ ավելի գերադասելի են օբյեկտիվ պատճառներից, քանի որ դրանք կարելի է վերացնել։
 
Այնքան եմ ուզում, որ հետո անտեղին դուրս գան տագնապներս, որ սխալ լինեմ։ 
 
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն