Ոչ միայն բանակի վրա. Նիկոլ Փաշինյանն արձանագրել է հաղթանակի հիմքը


Ոչ միայն բանակի վրա. Նիկոլ Փաշինյանն արձանագրել է հաղթանակի հիմքը

  • 22-02-2020 15:30:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը», Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ արձանագրելով հայ ժողովրդի համար բանակի անքննելի հեղինակությունը:
 
Հարցն առնչվում է կարեւորագույն խնդրի, որին Հայաստանն ու Արցախը էապես բախվեցին օրինակ ապրիլյան քառօրյայի ընթացքում, երբ հայկական բանակն ու նրան աջակցող կամավորական հանրությունը ծանր գնով «ուղղեցին» հայկական քաղաքականության առնվազն քառորդ դարի սխալներն ու բացերը:
 
Դրանց պայմանական մեկնակետը ընտրակեղիծքի արմատավորումն ու լեգիտիմ իշխանության ինստիտուտի չեզոքացումն էր՝ սկսած 1995-96 ընտրական փուլից, թեեւ գործնականում այդ ամենի միտումներն ու խմորումները ունեին ավելի վաղ պատմություն: Հայաստանում իշխանության ձեւավորման հանրային իրավունքի յուրացումը բերեց քաղաքական խորքային խնդիրների, որոնք տարեցտարի սկսեցին թողնել նաեւ իրենց արտաքին ծանր հետքը: Ի վերջո, գլխավոր ճգնաժամը նաեւ այն էր, որ համաշխարհային անվտանգային համակարգի առաջատար կենտրոնների մոտ առաջացավ Հայաստանի հանդեպ երկու հիմնարար կասկած, անվստահության երկու աղբյուր՝ արդյոք կա ինքնիշխան Հայաստան, եւ արդյոք կա ժողովրդավարական Հայաստան:
 
Երկու կարեւորագույն առանցք, որոնք հայկական զինուժի մարտունակության, հայ ժողովրդի նվիրվածության կողքին կազմեցին արցախյան առաջին հաղթանակի լայն հիմքը, այդ հաղթանակի աշխարհքաղաքական լեգիտիմությամբ հանդերձ: Հետագայում արդեն, այն պահելու ամբողջ բեռը տարեցտարի մնաց լոկ բանակի վրա, որին ապրիլյան քառօրյա պատերազմում օգնության եկավ հանրությունը:
 
Այդ տեսանկյունից, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը լոկ բանակի կամ հանրային կամավորական ջանքի վրա չթողնելու հանգամանքը շոշափել եմ տարբեր հոդվածներում, դիտարկելով ժամանակակից իրողություններում անվտանգություն հասկացության լայն համատեքստը: Դա իր մեջ ներառում է ոչ միայն արդիական բանակ եւ ոչ միայն լեգիտիմ իշխանություն, այլ նաեւ արդիական քաղաքական համակարգ, մրցակցային քաղաքականություն:
 
Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը բացում է դրա հնարավորությունը, ավելի շուտ՝ վերականգնում արցախյան առաջին հաղթանակի աշխարհաքաղաքական լեգիտիմության խարխլված բազան, որը ամբողջական քայքայումից պահեց հայկական բանակը 2016-ի ապրիլին: Եվ որն այդպիսի ապրիլներ ոչ թե դիմագրավելու, այլ հայկական պետականության դեմ դրանց հասունացումը կանխարգելելու գրավականն է:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը