Սուպերվարչապետության համար անպայման պետք չեն կոռուպցիա ու հանցավորություն


Սուպերվարչապետության համար անպայման պետք չեն կոռուպցիա ու հանցավորություն

  • 24-02-2020 10:12:28   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:
 
Ձեր կուսակցությունը օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մի շարք հարցեր ուղղեց, մասնավորապես, թե որքանով է գործող Սահմանադրությունը լեգիտիմ, և այս ընթացքում «Իմ քայլի» որոշ պատգամավորներ փորձում էին մեկնաբանել, թե որքանով են լեգիտիմ համարում այս Սահմանադրությունը։ Դուք ձեր հարցերի պատասխանը ստացե՞լ եք։
 
Գրավոր տարբերակով այդպիսի պատասխան, որը մենք կհամարեինք ՔՊ վարչության դիրքորոշում, չենք ստացել։ Տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանություններ տվել են, սակայն նրանց հայտնած քաղաքական տեսակետը այս պահին չենք կարող համարել որպես ՔՊ վարչության միասնական դիրքորոշում։
 
Քանի դեռ չեք ստացել ձեր հարցերի պատասխանը, դեռ վերջնական որոշում չունե՞ք՝ հանրաքվեի ժամանակ «այո»-ի ջատագով կլինեք, թե ոչ։
 
Ոչ թե նամակում նշված հարցերի պատասխանն ստանալն է խնդիրը, այլ, ըստ էության, այդ հարցերում բարձրացված մտահոգությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ու մեկնաբանություն ստանալը։ Այսինքն, մեզ պետք է իմանալ, որ «Այո»-ի օգտին քարոզելու դեպքում մենք պատասխանատվություն ենք վերցնում, որն ավարտվելու է անկախ, անաչառ, որակյալ սահմանադրական արդարադատություն իրականացնող Սահմանադրական դատարանի ստեղծմամբ։ Երկրորդ՝ մեզ պետք է իմանալ, որ այս գործընթացը չի հանգեցնելու նոր ճգնաժամերի և ի վերջո հանգեցնելու է լեգիտիմ Սահմանադրություն ունենալուն։
 
Դուք նշում եք, որ կարևոր է, որ իշխանությունը նախապես ներկայացնի, թե ովքեր են ՍԴ դատավորի պաշտոններում իր թեկնածուները։ Իշխանությունն էլ արձագանքում է, որ ինչպե՞ս կարող են դա ասել, երբ ՍԴ դատավորների մի մասին պետք է առաջարկի ՀՀ նախագահը, մի մասին՝ Դատավորների ընդհանուր ժողովը, մի մասին՝ կառավարությունը։
 
Կոնկրետ կառավարության մասով, կարծում եմ, որևէ խնդիր չունեն իրենց հետ կոմունիկացիայի և տեղեկատվություն տալու, որովհետև կառավարությունը բացարձակ քաղաքական մարմին է, իր մեծամասնության մեջ ՔՊ անդամներից կազմված մարմին է։ Փաստացի, իրենց քաղաքական ուժը առնվազն ՍԴ երեք դատավորի թեկնածու է առաջադրելու և կարող են հայտնել այդ մարդկանց հնարավոր շրջանակը կամ անունները։
 
Օրերս Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում անդրադարձել էր հաջորդ, առավել ընդգրկուն սահմանադրական փոփոխություններ ենթադրող հանրաքվեին։ Նա նշել էր, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ձեր կարծիքով՝ մեզ նո՞ր Սահմանադրություն է պետք, թե՞ պետք են սահմանադրական փոփոխություններ։
 
Ես կարծում եմ, որ էական չէ, դա նոր Սահմանադրություն է, թե վերափոխումներ են։ Էականը բովանդակությունն է, թե ինչ ճանապարհով է դա ձևավորվում։ Ըստ էության, դա պետք է լինի նոր Սահմանադրության ձևավորման ճանապարհ։ Այսինքն չպետք է լինի հարց, որը քննարկումից դուրս կլինի, այդ թվում պետական կառավարման ապարատի ձևը, այդ թվում մարդու իրավունքների և ազատությունմերի հետ կապված գլուխները, այդ թվում դատարանների հետ կապված գլուխները, անկախ մարմինների, սահմանադրական մարմինների հետ կապված գլուխները։ Ամեն ինչ պետք է քննարկման ենթակա լինի։ Չի կարող այնպես լինել, որ ասենք, գործադիրի ներկայացուցիչներն ասեն, որ իրենց վերաբերող գլուխները չպետք է փոխվեն ու վերջ։ Այո, քննարկման ներառականության և հարցերի լայն շրջանակի իմաստով դա պետք է լինի նոր Սահմանադրության ձևավորման գործընթացին նման գործընթաց։ Հիմա մենք կարող է թողնում ենք խորհրդարանական մոդելը կամ թողնում ենք Սահմանադրության մի քանի այլ գլուխ ևս, և ըստ այդմ, այն, ինչ մենք ուզում ենք անել, իր էության մեջ սահմանադրական փոփոխություններ են կոչվում։ Դրա համար ես չեմ ուզում մտնել հարցադրման մեջ՝ դա նոր Սահմանադրություն է լինելու, թե սահմանադրական փոփոխություններ։ Ամփոփելով կասեմ, որ մեզ պետք է այնպիսի ներառական գործընթաց, քննարկվող հարցերի այնպիսի լայն շրջանակ, որպիսին լինելու դեպքում գրվում է նոր Սահմանադրություն։ Իսկ թե վերջում անունն ինչ կդնենք, ինչ ձևաչափով այն կդնենք քվեարկության, դա արդեն ճաշակի կամ պահի նպատակահարմարության խնդիր կարող է լինել։
 
Նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդավարական Հայաստանում սուպերվարչապետություն անհնար է լինի, թեև նախկինում բազմիցս հայտարարվել է, որ այս Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի հագով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք սուպերվարչապետության հետ կապված։
 
Սուպերվարչապետական համակարգը, որն այն ժամանակ ընդունված էր այդպես նկարագրել, մի համակարգ է, որը խորհրդարանում ունի մեծամասնություն, այդ մեծամասնությունն ընտրում է վարչապետ, այդ վարչապետը իր ձեռքում կենտրոնացնում է ուժային մեծ ռեսուրսներ, որոնք հաշվետու չեն խորհրդարանին, որոնք այդ ընթացքում կարող են կոմպրոմատներ հավաքել խորհրդարանի վրա։ Արդյունքում ստեղծվում է մեկ անձի իշխանության ձգտող սուպերկենտրոնացված համակարգ, երբ մի մարդը մնացած բոլորի վրա ունի ազդեցություն և, ըստ էության, այդ ազդեցությունն անհամակշռելի է։
 
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովրդավարական համակարգում անհնար է սուպերվարչապետությունը, ես այստեղ երկու անհամաձայնություն ունեմ։ Առաջինը ժողովրդավարական համակարգ ձևակերպումն է, որովհետև ժողովրդավարությունը բազմակարծություն է, պառլամենտարիզմ է, համաչափ ներկայացվածություն է և այլն։ Հայաստանում դեռ նման բաներ չեն կայացել։ Եթե Հայաստանում հնարավոր է ընտրություններում 71 տոկոս ձայն հավաքել, նշանակում է պառլամենտարիզմի մասին խոսելը դեռ շուտ է։ Երկրորդ անհամաձայնությունն այն է, որ ինքն ասում է, որ սուպերվարչապետության համար անպայման պետք է լինի կոռուպցիա, հանցավորություն։ Ոչ, դրա համար անպայման պետք չեն կոռուպցիա ու հանցավորություն, դրա համար պետք է, որ ինչ-որ մեկը քաղաքական այնպիսի մեծ ռեսուրս ունենա, այսինքն պաշտոնից բխող ռեսուրս, պաշտոնից չբխող քաղաքական կապիտալ ունենա, որով մյուսները իրեն չեն կարողանա հակակշռել։ Ես ասում եմ, որ այսօր վարչապետն ունի այդպիսի ռեսուրս։ Դուրս եկեք փողոց և իրենց ֆրակցիայի պատգամավորների նկարները ցույց տվեք մարդկանց, տեսեք ընդհանրապես մարդկանց մեծամասնությունը ճանաչո՞ւմ է այդ մարդկանց, թե ոչ։ Եվ դրանից կարող եք ստանալ հարցի պատասխանը, թե արդյոք այս խորհրդարանը կարող է Նիկոլ Փաշինյանին հակակշռել, թե ոչ։ Իհարկե, չի կարող, և եթե չի կարող, նշանակում է՝ Հայաստանում կա մի մարդ, որը կարող է, ըստ էության, ամեն ինչ որոշել։ Փաստ է, որ խորհրդարանը չունի այդ քաղաքական կապիտալը։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ