Եղավ այն, ինչ ասում էր Նիկոլ Փաշինյանը. ինչ է սպասվում երկու շաբաթ անց


Եղավ այն, ինչ ասում էր Նիկոլ Փաշինյանը. ինչ է սպասվում երկու շաբաթ անց

  • 24-02-2020 12:16:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի կառավարությունը երկու շաբաթով դադարեցրել է Իրանի հետ սահմանային եւ ավիահաղորդակցությունը: Պատճառը կորոնավիրուսն է, որ հայտնաբերվել է հարեւան երկրում եւ տարածվում է՝ մահացության դեպքերով:
 
Իրանի հետ սահմանային ու օդային հաղորդակցությունը դադարեցնելու հանգամանքը Հայաստանում արժանացել է հետաքրքիր արձագանքների: Նախ, մինչ վարչապետը կհայտարարեր սահմանը երկու շաբաթով փակելու որոշման մասին, համացանցում այդպիսի պահանջ սկսեց հնչել տարբեր շրջանակներից: Ընդ որում, այստեղ հատկապես հետաքրքիր է այն, որ սահմանը փակելու պահանջ էին հնչեցնում շրջանակներ, որոնք 2018 թվականին տագնապ եւ դավադրապաշտական աղմուկ էին բարձրացնում հակառակ առնչությամբ:
 
Խոսքն այն աղմուկի մասին է, որ ծավալվեց 2018 թվականի վերջին, խորհրդարանում վարչապետի մի հայտարարության կապակցությամբ: Այդ շրջանում Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը: Նախկին իշխող շրջանակները այդ այցի առիթն օգտագործում էին քարոզչական աղմուկի համար, թե վարչապետ Փաշինյանին Բոլթոնն առաջարկել է «դավադիր մասնակցություն» հակաիրանյան քաղաքականության մեջ: Կային նույնիսկ մարդիկ, որոնք Լազարեւսկի ակումբում դիմում էին անձամբ Զատուլինին, խնդրելով այդ մտահոգությունները փոխանցել Կրեմլ:
 
Այդ աղմուկը Հայաստանի նախկին իշխող համակարգի շրջանակները հատկապես ուժգնացրին, երբ Բոլթոնի այցից հետո որոշ ժամանակ անց խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելով, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Իրանի շուրջ զարգացումները կարող են ստեղծել հայ-իրանական սահմանի փակման իրավիճակ:
 
Փաշինյանի այդ հայտարարությունը դարձավ «դավադրապաշտության» աղմուկի ուժգնացման առիթ, ու այդ իմաստվ խիստ ուշագրավ է, որ մեկուկես տարի առաջ այդ աղմուկը բարձրացնող մարդկանցից ոմանք անցնող օրերին աղմուկով պահանջում էին կառավարությունից փակել Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի վտանգի պատճառով:
 
Իսկ կորոնավիրուսը փաստորեն արեց այն, ինչի ռիսկի մասին Փաշինյանը խոսում էր 2018-ի վերջին, Բոլթոնի այցից հետո: Հատկանշական է, որ այժմ էլ մի շարք քաղաքացիներ տագնապ են բարձրացնում սահմանը փակելու կապակցությամբ, հիշելով, թե Իրանը մեր նեղ օրերի բարեկամն է: Այն դեպքում, երբ սահմանի անցուդարձը կանգնեցնելը բացարձակապես չի նշանակում խզել հարաբերությունը: Դա ընդամենը անվտանգության միջոցառում է, որ այս օրերին ձեռնարկում են տարբեր պետություններ, այդ թվում նաեւ բարեկամ ու գործընկեր:
 
Ինչ վերաբերում է հայ-իրանական սահմանի տնտեսական նշանակությանը, ապա այն իսկապես խիստ կարեւոր է: Բայց այդ կարեւորությունը դրսեւորվում է խոշոր ենթակառուցվածքների՝ գազատարի, բարձրավոլտ հոսանքագծերի տեսքով: Սահմանային առեւտուրն անշուշտ ունի էական նշանակություն տարբեր ձեռնարկատիրական խմբերի համար, եւ նրանց համար դա իհարկե խնդիր է, սակայն Հայաստանի լայն տնտեսական պատկերում Իրանի հետ սահմանային ցամաքային հաղորդակցության տեսակարար կշիռն այս դեպքում թերեւս բարեբախտաբար մեծ չէ: Թեեւ, իհարկե կորոնավիրուսազերծ ապագայի համար այդ հաղորդակցության տնտեսական ծավալը մեծացնելը պետք է լինի Հայաստանի ռազմավարական խնդիրներից մեկը:
 
Իհարկե, Հայաստանը կարող է զրկվել Նովրուզի առիթով մարտին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկներից, սակայն այդ հանգամանքն էլ կարող է փոխհատուցվել զբոսաշրջային աշխույժ շրջանում դինամիկ աճով, ակնկալիքով, որ մինչ այդ աշխարհում կանգ առած կլինի կորոնավիրուսի վարակը, եւ չի լինի նոր հաղորդուղիներ փակելու անհրաժեշտություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն