Ապրիլից կմեկնարկի ԳՄՀԸ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը

24-02-2020 18:08:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)  պատվիրակությանը՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»  ծրագրի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Քրիստոֆ  Բայերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի պատասխանատուները, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայիս տարածաշրջանային ղեկավար Կառստեն Պոսսեն։
 
Ողջունելով պատվիրակության անդամներին և շնորհավորելով ծրագրի  նորանշանակ ղեկավարին  պաշտոնի նշանակվելու կապակցությամբ՝  Վ․ Տերտերյանը  կարևորել է  GIZ-ի  հետ համագործակցության բարձր մակարդակը և ընդգծել, որ 
երկարամյա համատեղ աշխատանքի լայն շրջանակը թույլ է տալիս  GIZ-ի հետ  համագործակցությունը,  հատկապես տեղական ժողովրդավարության զարգացման գործընթացներում,  առաջնայիններից մեկը համարել։ 
 
«Կարևորում եմ  GIZ-ի աջակցությունը հատկապես Հայաստանում իրականացվող  վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքներում։ Արձանագրված  ցուցանիշները  լավ նախադրյալներ են  ստեղծում՝ դրանք  ավելի մեծ թափով և հետևողականությամբ շարունակելու համար»,-ասել է Վ․ Տերտերյանը՝ շնորհակալություն հայտնելով    Կառստեն Պոսսեին  առկա համագործակցության համար։
 
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի նորանշանակ տարածաշրջանային ղեկավար Կլաուս Բայերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ տպավորված է նախորդ ծրագրի արձանագրած շոշափելի  արդյունքներով։ Տարածաշրջանային ղեկավարը նշել է, որ խոշորացված համայնքներում  ծառայությունների մատուցման բարձր մակարդակով Հայաստանը կարող է մրցակցել անգամ ԵՄ անդամ երկրների հետ և   իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը նույն արդյունավետ ձևաչափով՝  Հայաստանի համար կարևոր վարչատարածքային բարեփոխումների ծրագիրն ավարտին
հասցնելու ուղղությամբ։  
 
Հանդիպմանը կողմերն  անդրադարձել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի։ Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ  ապրիլից  կմեկնարկի   «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը  և , որպես ծրագրի հիմնական քաղաքական գործընկեր,  քննարկել են  վարչատարածքային բարեփոխումների համատեքստում նախարարության առաջնահերթությունները և ծրագրի շրջանակում համագործակցության ձևաչափը։   
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 436 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար