Քննարկվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ընթացքը


Քննարկվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ընթացքը

  • 24-02-2020 18:25:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունում փետրվարի 22-ին նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի մշակման և ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
 
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության, Կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության,  ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և ոլորտում գործող մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։  
Վ․ Տերտերյանը կարևորել է  տեղական հարկերի բարեփոխմանն ուղղված գործընթացներում էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը և  նշել ,  որ մշակվելիք լուծումները պետք է միտված լինեն  առաջին հերթին  ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը և   միաժամանակ բարելավեն բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը և հարմարավետությունը;
 
Հանդիպման ընթացքում ոլորտային մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկները՝ ներդրվելիք էլեկտրոնային կառավարման համակարգի գործառնական հնարավորությունների վերաբերյալ։ Ծավալված քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցների կողմից բարձրացվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխադրամիջոցներին և անշարժ գույքին առնչվող գործընթացներում առկա այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ համակարգի ներդրման գործընթացում։
 
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ շահագրգիռ մարմինների հետ նման քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին իրենց գործառույթների շրջանակներում քայլեր ձեռնարկել գործընթացի պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն