Եթե մարդ ունենա մի կտոր հաղթանակ այս կյանքում, նա հավերժ կապրի. Ապրիլյան հերոս Տիգրան Պողոսյանը կդառնար 28 տարեկան



24-02-2020 21:04:29   | Հայաստան  |  Հասարակություն
Եթե մարդ ունենա մի կտոր հաղթանակ այս կյանքում, նա հավերժ կապրի: 
 


Հենց այս գիտակցումով է
ր արթիկցի Տիգրան Պողոսյանն ընտրել զինվորականի մասնագիտությունը և 2014 թվականից ծառայության անցնել Մարտակերտում որպես հրաձգային վաշտի հրամանատար: 
 
Երկար ծառայել հայրենիքին Տիգրանը չհասցրեց. 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին նա սեփական մարմնով պաշտպանեց իր զինվորի կյանքը հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցներից: 
 
Փետրվարի 21-ին «Վիվարտ մշակութային» ՀԿ նախաձեռնությամբ ապրիլյան պատերազմի հերոսի ծնողները, հարազատներն ու ծառայակից ընկերները հավաքվել էին մեկ վայրում՝ նշելու նրա 28-ամյակը: 
 
«Հյուսիսարևելյան դարպասներ գիրքն էի սկսել գրել դեռ 2015 թվականից Մարտակերտի շրջան, Մատաղիս, տվյալ շրջանի գյուղերի մասին: Երբ որ անցա այն շրջանը, հասկացա, որ կան անհատներ, որոնց պետք է առանձին անդրադառնալ: Տիգրանն այդ անհատներից մեկն էր իր կատարած աշխատանքներով,
իր զինվորական պարտավորություններով, ինչպես նաև որպես ընկեր: Դեռ ապրիլյան պատերազմից առաջ դիրքերում էինք հանդիպել, բայց ինչպես գրքի էջերում եմ նշել, ավաղ, 16-ի ապրիլը թույլ չտվեց, որ երկրորդ հանդիպումն ունենանք, ափոսոսում եմ, որ մի լուսանկարի չարժանացանք, բայց հավերժ ապրեցինք մի գրքի էջերում»,- «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց «Վիվարտ» մշակութային ՀԿ հիմնադիր, ստեղծագործող Վարդուհի Գասպարյանը:
 
Նրա փոխանցմամբ՝ «Մի կտոր հաղթանակ» գրքի միջոցով ընթերցողը կարող է շատ մոտիկից ծանոթանալ արիաբար զոհված հերոսի մանկության, պատանեկության ուշագրավ դրվագներին, սիրած աղջկա և մոր հույզերին ու ապրումներին. «Այս գիրքը գրկած կանցնեմ այդ ճանապարհը և ի լուր աշխարհի կասեմ, որ մենք ունեցել ենք ու ունենք հերոս տղերք, և այդ տղերքն ապրում են: Հենց նույն Տիգրանի խոսքը կտարածեմ, որ զգոն լինեն՝ անկախ ամեն ինչից, լինի պատերազմ, թե հրադադար, միևնույն է՝ մեր թշնամին ցավոք արթուն է և երբեք չի զիջի մեզ»:  
 
Տիգրան Պողոսյանին նվիրված հուշ-երեկոյի շրջանակներում «Էլմար» թատերախումբը հերթական անգամ հանդես եկավ «Մատաղիս» ներկայացմամբ, որը նվիրված է Արցախյան ազատամարտին՝ 1990-ականներից մինչև մեր օրեր:  
 
Հերոսներն անմահ են, քանի դեռ նրանց հիշում ու գնահատում են: Այս բացարձակ ճշմարտությունը միաժամանակ հուզում և ապրելու ուժ է տալիս Տիգրանի մորը՝ Սիլվա Մանասյանին: 
 
Որդեկորույս մայրը պատմում է՝  հենց 2016 թվականի հոկտեմբերի 7-ին՝ հոր 50-ամյակի օրը տղան որոշել էր ամուսնանալ, սակայն ապրիլյան պատերազմն անկատար թողեց Տիգրանի այդ և շատ այլ երազանքներ: 
 
Հայրենիքի ու հայ զինվորի համար սեփական կյանքը չխնայած սպան մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանն այն համոզմամբ, որ Հայրենիքը սուրբ է, իսկ սուրբ հողը պետք է պաշտպանել : 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 657 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար