«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի մեղադրանքը Ղարաբաղի հարցի հետ


«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի մեղադրանքը Ղարաբաղի հարցի հետ

  • 25-02-2020 17:20:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պետական միջոցների վատնման գործով մեղադրյալի կարգավիճակում դատարան ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր բարձրախոսով հայտարարեց. «ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ»:
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ Սարգսյանի այս հայտարարությունը քաղաքական շահարկում է:
 
«Այսօրվա դատական պրոցեսը կոնկրետ մեղադրանքի հիման վրա է, նա թող փորձի այդ գործով իր անմեղությունը ապացուցել: Ղարաբաղի թեման լրիվ այլ է, որի հետ կապված ինքը գուցե լրիվ այլ հիմնավորումների կարիք ունենա»,- մեզ հետ զրույցում ասաց Քոչարյանը:
 
Պատգամավորի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձել է իր մեղադրանքի թեմայից շեղել հավաքվածներին՝ փորձելով իրավական պրոցեսները կապել Ղարաբաղի հարցում ինչ-ինչ տեսակետներ ունենալու հետ:
 
«Իրենք ամեն ինչ տանում են նրան, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները կապ ունեն Ղարաբաղի հարցի շուրջ այլ լուծումների հետ: Իրականում նա պետք է հիշի, թե ինչի շուրջ էր բանակցում ինքը: Նա այսօր հայտարարում է մի բան, որը կարող էր բանակցությունների սեղանի շուրջ ֆիքսել, բայց իր պաշտոնավարման ժամանակ բանակցությունները ընթանում էին Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք էապես տարբերվում էին այսօրվա իր հայտարարության բովանդակությունից: Դրանք լրիվ այլ բանի մասին էին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
 
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է դիզվառելիքի գործով առաջին դատական նիստը:
 
Մեղադրյալի կարգավիճակում, ի թիվս 5 նախկին պաշտոնյաների, նաեւ Սերժ Սարգսյանն է: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը):
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը