Ռուսական մամուլն ու համացանցը բացահայտ ատելություն են քարոզում հայերի նկատմամբ


Ռուսական մամուլն ու համացանցը բացահայտ ատելություն են քարոզում հայերի նկատմամբ

  • 26-02-2020 10:25:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական Նեզավիսիմայա գազետան հրապարակել է Լեւ Ասկերովի «Սումգաիթյան ողբերգություն. ինչից է սկսվել ու ինչպես է եղել» (ԽՍՀՄ ու Ադրբեջանի ԿԳԲ արխվիային փաստաթղթերով), որում պնդում է, որ Սումգայիթի ջարդերը հայերն են սադրել ու որ Հայաստանում մինչ այդ տասնյակ ադրբեջանցիներ էին սպանվել: Նշվում է նաեւ, որ 60-ական թվականներին «Էջմիածնի ու Ստեփանակերտի» հոգեւորականները մշակում էին Մեծ Հայաստանի» վերականգնման պլանը, «որի առաջ կերերա Հռոմը»:
 
Մի կողմ թողնենք, որ ոչ ոք այդպես էլ չի տվել ադրբեջանցիների անունները, որոնք իբր սպանվել են Կապանում նախքան սումգայիթյան ողբերգությունը եւ որ Ղարաբաղում 30-ականներին լուծարվել է Հայ առաքելական եկեղեցու թեմը, եւ Ստեփանակերտում մինչեւ 1988 թվականը հոգեւորականներ չեն եղել: Մի կողմ թողնենք, որ մերձկասպյան թուրքերը, ինչպես անատոլիական թուրքերը, չեն համարձակվում խոստովանել, որ սպանել են հայերի:
 
Այս «թեզերն» ավելորդ է անգամ վիճարկել: Հարցն այն է արդյոք Ռուսաստանը փոխել է սումգայիթյան ջարդերի նկատմամբ վերաբերմունքը, եւ «Նազավիսիմայա գազետան» քանի արծաթով է որոշել արդարացնել հայկական ջարդերը:
 
Բաքու է մեկնել Ռուսաստանի «մեծ ընկերը»՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, եւ ըստ երեւույթին Մոսկվայում որոշել են «պատիվ տալ» Ալիեւին ու Էրդողանին՝ ակնարկելով, որ կարող են արդարացնել նաեւ Հայոց ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանում, ինչպես արդարացնում են հայկական ջարդերը Սումգայիթում: Հակահայկական քարոզչությունը շարունակում է մնալ ռուս-թուրքական «բարեկամության» գլխավոր զենքը:
 
Ռունետը լի է հոդվածներով ու գրառումներով, որոնք ատելություն են տարածում հայերի նկատմամբ: Վերջերս հրապարակել էինք Աննա Լեբեդեւայի «Խփիր հայերին, փրկիր Ռուսաստանը» հոդվածը, որում փաստարկված ներկայացվում է հակահայկական քարոզչությունը: Այդ քարոզչությունը, իհարկե, Բաքուն է ֆինանսավորում, բայց պլանավորվում է ռուսական կաբինետներում:
 
Նեզավիսիմայա գազետայի հոդվածն այդ քարոզչության մասն է: Իզուր չէ, որ Ռոսկոմնադզորն արգելափակել է Lragir.am-ը Ռուսաստանի տարածքում: Այդ երկրի հատուկ ծառայությունները պարզապես անջատում են այն ամենը, ինչ խանգարում է իրենց պլաններին: Այդ պլանների առաջնահերթությունը եղել ու մնում է հայերի ու այլ ավտոխտոն ազգերի դեմ ատելության քարոզը, որոնց հողերի վրա կառուցվել են Ռուսաստանը, Թուրքիան ու այլ ադրբեջանցիները:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն