Եվրամիության ֆինանսական աջակցությունը Հայաստանին զգալիորեն ավելացել է. Փոխվարչապետ
26-02-2020 12:50:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Եվրամիության ֆինանսական աջակցությունը Հայաստանին զգալիորեն ավելացել է, այսօր Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մեզ հաջողվել է ավարտել 2017 թվականի 34.5 մլն եվրոյի և 2018 թվականի 46 մլն եվրոյի գործընկերությունների ծրագրով նախատեսված աջակցության համաձայնագրերի ստորագրման գործընթացները և մտնել իմպլեմենտացման փուլ: 2019 թվականի գործողությունների ծրագրով նախատեսված աջակցության համաձայնագրերն արդեն իսկ հավանության են արժանացել և կստորագրվեն առաջիկայում, որոնցով աջակցության ծավալը զգալիորեն ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո: 2020 թվականի գործողությունների ծրագրով նախատեսված աջակցության ուղղություններն արդեն իսկ նախանշվել և հստակեցվել են, որով նախատեսված աջակցության ծավալը, հուսով եմ, կլինի ավելին, քան 2019 թվականի համար նախատեսված աջակցության չափը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը հավելեց, որ արևելյան համագործակցության գործիքակազմի միջոցով ևս իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր: ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգում են նաև ռազմավարությունների արդիականացման և դրանց հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացները:
«ԵՄ հետ 2020 թվականի աջակցության ծրագրով նախատեսվում են արդարադատության և ոստիկանական համակարգերի ռազմավարական բարեփոխումներ, որոնք ընդգրկված են կառավարության գերակայությունների ցանկում»,- ասաց նա:
Ըստ փոխվարչապետի՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հայկական կողմի համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ և դրա կիրարկումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: