Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել դատաիրավական, հակակոռուպցիոն և ՄԻՊ ոլորտներում.Քրիստիննե Գրիգորյան

Արդարադատության փոխնախարարը Ազգային ժողովում է

26-02-2020 12:58:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցում է  Ազգային ժողովում հրավիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներին:
 
Ելույթի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգը, հիմնական ուղղություններն ու անդրադարձել Կառավարության ռազմավարական տեսլականներին՝ դրանցից առանձնացնելով Դատաիրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն և Մարդու իրավունքների պաշտպանության, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններն ու յուրաքանչյուրով նախատեսված գործողությունները: Բոլոր ռազմավարությունների դեպքում, նախարարի տեղակալ Գրիգորյանի տեղեկացմամբ, մշակումն իրականացվել է մասնակցային և ներառական կերպով, ապահովվել են քննարկումները մարզերում, կատարվել է ֆինանսական գնահատում, հաստատվել են ռազմավարական հաղորդակցության պլանները։ 
 
Դատաիրավական ռազմավարությունով նախատեսված միջոցառումներից Քրիստիննե Գրիգորյանը հատկանշական է համարել սահմանադրական և ընտրական օրենսդրության բարեփոխումների կոնկրետ քայլերը, անցումային արդարադատության գործիքակազմի
կիրառման շրջանակներն ու  ուղղությունները, ինչպես նաև դատավորների անկախության, անաչառության և արդյունվետության ապահովմանն ուղղված գործությունները: Վերջինի առումով փոխնախարարը մանրամասնել է, որ դրանք վերաբերում են դատավորների թեկնածուների որակավորման ստուգման և նշանակման, դատավորների և ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության գործընթացի, բարեվարքության գնահատման ընթացակարգերի հստակեցմանը, ինչպես նաև թիրախավորվել են դատավորների թվի ավելացման և սոցիալական երաշխիքների ամրապնդման, ծանրաբեռնվածության նվազեցման և գործի քննության իրապես ողջամիտ ժամկետների ապահովման հարցերի լուծումները, էլեկտրոնային արդարդատության գործիքների կիրառման ու դատական իշխանության հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման խնդիրները։
 
Նշենք, որ Ռազմավարության կարևոր ուղղություններից է նաև իրավապահ համակարգի (դատախազության, քննչական մարմինների) և քրեական արդարադատության համակարգի փոփոխությունը, քաղաքացիական և վարչական վարույթների արդյունավետության բարձրացումը։
 
    Անդրադառնալով Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը՝ Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը և նշել, որ Ռազմավարությամբ սահմանվել են կանխարգելման, բացահայտման և քննության մարմինները, դրանց գործունեության երաշխիքներն ու համագործակցության, փոխզսպման ու հավասարակշռման մեխանիզմները։ 
 
ՄԻՊ ազգային ռազմավարությունից խոսելով՝ փոխնախարարը կարևորել է այն հանգամանքը, որ դրանով տրվել է մարդու իրավունքի պաշտպանության իրավիճակի գնահատականը, անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարությունների իրականացման արդյունքներին, ինչպես նաև պետության հոգածության ներքո գտնվող, կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց
կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրներին:
 
Ամփոփելով խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ ռազմավարությունների մշակման աշխատանքներում նախարարությանն աջակցելու, կարևոր խորհրդատվությամբ ապահովելու համար և ընդգծել, որ ռազմավարական պլանավորման և իրականացման գործընթացին մեծապես նպաստել է Արդարադատության ոլորտի երկխոսության ձևաչափը, որը, լինելով ոլորտի բոլոր շահառուների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարթակ, միանշանակ ապացուցել է իր արդյունավետությունը։   
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 361 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար