ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը և staff.am-ը կնքել են համագործակցության հուշագիր


ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը և staff.am-ը կնքել են համագործակցության հուշագիր

  • 26-02-2020 13:57:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոր մասնագետների թափանցիկ ընտրություն, առողջ մրցակցություն և աշխատանքի առաջարկ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից․ ահա այսպիսի աշխատանքային ընթացք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը և staff.am-ը կնքեցին համագործակցության հուշագիր։
 
Համագործակցությունը հնարավորություն է տալիս ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին թափուր աշխատատեղերի համալրման համար հայտարարված մրցույթները հրապարակել staff.am հարթակի միջոցով, կառավարել դիմումները օնլայն համակարգով և ընտրել ամենահամապատասխան ու մրցակցային հմտություններ կրող մասնագետներին։
staff.am-ի հետ համագործակցության շնորհիվ կբարձրանա նաև հասարակության լայն շրջանակների իրազեկվածությունը պետական ոլորտում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ, ինչն էլ կօգնի ընտրություն կատարել պետական և մասնավոր հատվածների կողմից առաջարկվող աշխատանքներից։
 
Համագործակցության հուշագիրը ստորագրվեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար – Գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի և staff.am Համագործակցության գծով տնօրեն Նազելի Բադալյանի միջև։
 
«Հերթական քայլն ենք իրականացնում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում կադրերի թափանցիկ և արդյունավետ հավաքագրման և ընտրության ուղղությամբ։ Որպես համագործակցության առաջին հաջող օրինակ նշեմ, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կրտսեր մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 200-ից ավել թեկնածուներ», – իր խոսքում նշեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար – Գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
 
Այնուհետև staff.am Համագործակցության գծով տնօրեն Նազելի Բադալյանը ներկայացրեց staff.am և պետական ոլորտի միջև համագործակցության արդյունավետության մասին՝ նշելով, որ 2019թ․-ին թափուր հայտարարությունների հրապարակման տեսանկյունից staff.am-ում ամենաակտիվ կազմակերպությունների տասնյակում են ընդգրկված եղել ոչ միայն մասնավոր հատվածի ընկերություններ, այլ նաև պետական կառույցներ։ staff.am-ը նաև տեխնոլոգիական լուծում է տրամադրել հատուկ պետական ոլորտի համար՝ պետոլորտի աշխատանքները ներկայացնելով առանձին բաժնով։
 
Նշենք, որ staff.am և պետական ոլորտ համագործակցությունը մեկնարկել է 2019թ․ հունիսին և այսօր համագործակցում ենք  ՀՀ Վարչապետի աշխատակազմի, ՀՀ Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի, նախարարությունների ու առընթեր մարմինների հետ՝ գործընկերային սկզբունքով տրամադրելով հարթակ համապատասխան և որակավորված մասնագետներ հավաքագրելու նպատակով։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն