Վարչապետը փաստեց՝ իրավապահ ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարում առաջնորդվել են այլ հաշվարկներով


Վարչապետը փաստեց՝ իրավապահ ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարում առաջնորդվել են այլ հաշվարկներով

  • 26-02-2020 14:20:08   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ իրավապահ մարմինները քննչական և օպերատիվ հետախուզական ողջ պոտենցիալի ներգրավմամբ՝ կիրականացնեն ժողովրդի արդար ակնկալիքը, այն է՝ պետական բյուջե կվերադարձնեն կոռուպցիոն գործարնքների արդյունքում պետությանը պատճառված վնասը: 
 
Ինչպես այսօր կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում նկատեց Ն. Փաշինյանը, Հայաստանում երբեք կոռուպցիայի դեմ իրական պայքար չի իրականացվել: 
 
Ըստ նրա՝  Հայաստանում կան կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր, որոնք ակնհայտորեն պատականում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: 
 
«Սա կատարելապես վարկաբեկում է իրավապահ համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես: Սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ, մեղադրյալներ լքել են հանրապետությունը, ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի կամ այդ ճանապարհին է»,- ընդգծեց վարչապետը: 
 
Նրա խոսքերով՝ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են իր գնահատմամբ՝ դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի «ծխածածկույթի» տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով: 
 
Ն. Փաշինյանը փաստեց, որ չի կարող դրական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք կարելի է այսօր երաշխավորել, որ իրավապահ համակարգը լիարժեք՝ սկսած քննչական գործողություններից շարունակած օպերատիվ հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում.
 
«Եկել է ժամանակը խորը վերլուծենք և գնահատենք այն արդյունքները, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից գողացված միջոցների վերադարձի, պատճառված վնասների վերականգնման առումով: Այո՛, զուտ տոկոսային վիճակագրությամբ ունենք աննախադեպ ծավալներ և ձեռքբերումներ, բայց աննախադեպ նշանակում է մինչև այժմ ոչ մի կերպ չգրանցված: Հայաստանում երբեք կոռուպցիայի դեմ իրական պայքար չի իրականացվել, և ուրեմն համեմատությունը ոչնչի հետ որևէ կերպ չի կարող շահեկան և օբյեկտիվ համեմատություն համարվել»: 
 
Վարչապետը հիշեցնում է՝ ՀՀ-ը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունների արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, իսկ ինքը որպես ՀՀ ղեկավար՝ ժողովրդից մանդատ է ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական