ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին


ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին

  • 26-02-2020 15:10:05   | Հայաստան  |  Իրավունք

Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 26-ին տաք հետքերով բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին: Երևան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը:
 
Վարկային կազմակերպության աշխատակիցը, արագ կողմնորոշվելով, ահազանգել է իրավապահ մարմիններին: Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, անհապաղ ձեռնամուխ լինելով ահազանգի իսկության ստուգմանը և հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ արդյունքում բացահայտելով անչափահասների գործունեության ողջ պատկերը:
 
Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել և փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նոյյան տապան  -   Իրավունք