Հանձնարարել եմ աջակիցներիս զերծ մնալ սադրանքներին տրվելուց. Ա. Հարությունյանի թիմը քարոզարշավն սկսում է մոմավառությամբ


Հանձնարարել եմ աջակիցներիս զերծ մնալ սադրանքներին տրվելուց. Ա. Հարությունյանի թիմը քարոզարշավն սկսում է մոմավառությամբ

  • 26-02-2020 16:39:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախում այսօրվանից պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 14 անձ, իսկ խորհրդարանում հայտնվելու իր շանսերը փորձելու է 12 քաղաքական ուժ կամ դաշինք: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահի թեկնածու է, նրա ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: 
 
ՀԺ-ին տված հարցազրույցում Հարությունյանը տեղեկացրել է, որ քարոզարշավն սկսում են այսօր տեղի ունենալիք մոմավառությամբ՝ դրանով իսկ մյուս քաղաքական ուժերին եւ թեկնածուներին կոչ անելով պահպանել հանդուրժողականություն: Ստորեւ մեր զրույցը.
 
 
- Պարո՛ն Հարությունյան, այսօր Արցախում պաշտոնապես մեկնարկել է մարտի 31-ին սպասվող ընտրությունների քարոզարշավը: Դուք առաջադրվել եք՝ ե՛ւ որպես նախագահի թեկնածու, ե՛ւ խորհրդարանական ընտրություններին գլխավորում եք «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակը: Պատրա՞ստ եք քարոզարշավին: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
 
- Նախընտրական գործընթացներն առաջին հերթին ենթադրում են հանրության համար մշակված նոր ծրագրերի ներկայացում, որոնք պետք է կազմված լինեն որոշակի առաջարկներից: Հատկապես հիմա, երբ մեր քաղաքական թիմը հայտ է ներկայացրել՝ ստանձնելու երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը, չէինք կարող լրջագույնս չնախապատրաստվել: Վստահաբար, կարող եմ հայտարարել, որ մեր ներկայացրած ծրագիրն ամենահավակնոտն է, եւ սիրով պատրաստ ենք այն հանձնելու ժողովրդի դատին:
 
Մենք քաջ գիտակցում ենք, որ քարոզարշավի ընթացքում այլ քաղաքական ճամբարներից կհնչեցվեն անհիմն մեղադրանքներ, որովհետեւ վերջին մի քանի ամիսների ընթացքում նման փորձեր արվել են՝ ծրագրեր եւ առաջարկներ ներկայացնելու փոխարեն: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ թեկնածուների մեծ մասը հանդես է գալիս մեկ միասնական օրակարգով, այն է՝ քննադատել իմ անձը եւ իմ գլխավորած քաղաքական թիմին՝ մնալով այն թյուր կարծիքին, թե դրանով հնարավոր է քաղաքական հաջողություն արձանագրել: Նրանցից ոչ մեկն Արցախի սոցիալ-տնտեսական ծրագիր չի ներկայացնում, առողջ քննարկումներ չի իրականացնում, այլ զբաղված է սեւ փիառով, իսկ հաճախ նաեւ հասարակությունը պառակտելու փորձեր է ձեռնարկում: Հենց այդ պատճառով մենք քարոզարշավը կսկսենք խորհրդանշական երթով ու մոմավառությամբ՝ հանդուրժողականության մեր աղերսը հասցնելով Աստծուն:
 
- Թեկնածուներից ոմանք իրենց հարցազրույցներում հայտարարում են վարչական ռեսուրսների, բիզնես հնարավորությունների չարաշահումների մասին՝ ակնարկելով Ձեզ եւ Ձեր անվան հետ կապվող բիզնեսները: Կան  թեկնածուներ, որոնք նույնիսկ նշում էին, որ եթե չկանխվի Ձեր մասնակցությունը, արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Ինչպե՞ս կարձագանքեք նման հայտարարություններին:
 
- Այդ ամենը նախընտրական պոպուլիզմ եմ համարում, որը զուրկ է որեւէ բովանդակային հիմնավորումից: Արդեն նշեցի՝ այդ մարդիկ մասնակցում են ընտրություններին, բայց երկրի զարգացման ոչ մի ծրագիր չեն ներկայացնում: Իսկ եթե նրանց թվում է, թե ամբոխահաճո հայտարարություններով կամ իրականության հետ որեւէ աղերս չունեցող երեւույթների մասին խոսելով կարող են մոլորեցնել մամուլին կամ հասարակությանը, կարծում եմ՝ չարաչար սխալվում են:
 
- Քաղաքագետները շատ մեծ են համարում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի հավանականությունը: Այս մասով ի՞նչ կարծիք ունեք: Ձեզ ֆավորի՞տ թեկնածու եք համարում: Է՞լ ով կարող է հայտնվել 2-րդ փուլում:
 
- Սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ, այո՛, մենք առաջատարն ենք թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրությունների նախընտրական այս փուլում: Պետք է անկեղծ լինեմ՝ ասելով, որ ստեղծված են բոլոր նախադրյալները՝ նախագահական ընտրությունները մեկ փուլով ավարտելու համար, քանի որ ունենք աջակիցների շատ մեծ բանակ, որոնք հասարակության տարբեր շերտերից են: Բայց, ամեն դեպքում, ամեն ինչ ավելի հստակ ցույց կտան ժողովրդի քվեարկության արդյունքները: Սպասենք, կտեսնենք:
 
 - Արցախում լարվածությունը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել արտաքին թշնամու ակտիվացման համար: Ըստ Ձեզ՝ հնարավոր կլինի՞ առանց նախընտրական լարվածության քարոզարշավ իրականացնել: Քաղաքական ուժերի շրջանում կա՞ այդ գիտակցումը:
 
- Համամիտ եմ, որ ներքաղաքական ցանկացած անկայուն իրավիճակի ստեղծման դեպքում արտաքին վտանգի ռիսկը շատ բարձր է: Մենք ներքին միասնականության պահպանմանն ուղղված՝ բազմաթիվ կոչեր ունենք հղած: Խստագույնս հանձնարարել եմ նախընտրական գործընթացներին առնչվող իմ բոլոր աջակիցներին պահպանել առավելագույն սառնասրտություն եւ զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Եվ, չնայած որոշ ուժերի՝ հաճախ ոչ կառուցողական դրսեւորումներին, կհաջողվի, ընդհանուր առմամբ, երկրում ամուր պահել ներքաղաքական կայունությունը, որը մեզ համար սկզբունքային հարց է:
 
- Ընդհանրապես Ղարաբաղի ապագայի վերաբերյալ պատկերացումները բոլոր ժամանակներում շատ կարեւոր են համարվել Արցախի եւ Հայաստանի իշխանություն ընտրելիս: Ի՞նչ պատկերացում ունեք այս առնչությամբ:
 
- Շատ բնական եմ համարում, քանի որ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ հայոց պատմության այս փուլում Արցախում է վճռվում ամբողջ հայության ճակատագիրը: Ուրախ եմ, որ ՀՀ-ում եւ ԱՀ-ում իշխող վարչակարգերն ունեն ազգային ընդգծված մտածելակերպ, եւ համահունչ կերպով շարունակում ենք ամրապնդել հայկական զույգ պետականությունները:
 
 - ՀՀ վարչապետը հաճախ է ընդգծում Ղարաբաղի հարցում ՀՀ եւ Արցախի իշխանությունների դիրքորոշումների համընկնման կարեւորությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունն ընտրվելու դեպքում:
 
- Որեւէ կերպ չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ ՀՀ եւ ԱՀ իշխանությունները չհամագործակցեն, կամ այդ համագործակցությունը լինի ոչ լիարժեք: Մենք մի ազգ են, մեկ հայրենիք, երկու պետություն, եւ առաջին երկուսը միշտ գերիշխող դիրք ունեն: Խնդիրն այստեղ թշնամական բացահայտ տրամադրություններով Ադրբեջանի իշխանության ոչ կառուցողական մոտեցման մեջ է: Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
 
Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լուծման որեւէ տարբերակ պետք  է միանշանակ ստանա Արցախում եւ Հայաստանում ապրող հայերիս մեծամասնության աջակցությունը: Իսկ նման փաստաթղթի մասին կարծում եմ՝ դեռեւս վաղ է խոսելը:
 
- Ըստ որոշ գնահատականների՝ Մյունխենում տեղի ունեցած քննարկմամբ նոր բովանդակություն հաղորդվեց Ղարաբաղի հարցին: Ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նոր սկզբունքների մասին:
 
- Արդեն առիթ ունեցել եմ մամուլի միջոցով կարծիքս հայտնելու, բայց սիրով կկրկնեմ, որ ՀՀ վարչապետը շատ հավասարակշռված ու սկզբունքային քաղաքականություն է իրականացնում, ինչը ողջունելի է: Միեւնույն ժամանակ տեղին է նկատել, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերել, ինչը նվազեցնում է երկխոսության արդյունավետությունը: Ամեն դեպքում, պետք է փաստենք, որ թեեւ շատ հեռու ենք գտնվում հիմնախնդրի վերջնական խաղաղ կարգավորման գործընթացից, այնուամենայնիվ, այդ հանդիպումները նպաստում են տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:
 
- Բանակում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերն ինչո՞վ եք պայմանավորում: Ի՞նչ պետք է արվի՝ նման իրավիճակը բացառելու համար: Կարեն Աբրահամյանն օրերս ազատվեց պաշտոնից: Նրան փոխարինեց Ջալալ Հարությունյանը: Սա, ըստ Ձեզ, բավարա՞ր է այդ խնդիրը լուծելու համար:
 
- Չեմ ուզում գնահատականներ տալ, բայց երեւի ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը պետք է շարունակական լինի: Հատկապես մշակութային միջոցառումների կազմակերպումը, արվեստի եւ հանրային այլ դեմքերի այցերը պետք է ավելի հաճախակի բնույթ կրեն: Նման նախաձեռնությունները մեծ ազդեցություն են թողնում զինվորների բարոյահոգեբանական տրամադրությունների վրա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը