ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները ձեռնարկված են

27-02-2020 13:24:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պարոն Թորոսյան, կարո՞ղ եք տեղեկատվություն տալ, թե ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսից պաշտպանվելու բնագավառում և կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու իմաստով: Ի՞նչ իրավիճակ է մեր տարածաշրջանում:
 


Առողջապահության նախարար Արսեն
Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Երեկվա տվյալների համաձայն` աշխարհում արդեն 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր: Ընդհանուր 81 191 հաստատված դեպք է արձանագրվել, որից 78 191-ը՝ Չինաստանում և որից մահվան ելքով՝ 2718-ը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Կներեք պարոն Թորոսյան, այսինքն մյուսները բուժվում են, կազդուրվում են:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Մեծ մասը միանշանակ բուժվում, կազդուրվում են և դրանց մեծ մասն էլ
ինքնուրույն, այսինքն նույնիսկ բժշկական օգնության կարիք չկա: Այստեղ խոսքն այն է, որ եթե օրինակ որևէ շնչառական սիմպտոմ մենք նկատենք, օրինակ հազ կամ փռշտոց և այդ տեստը դնենք՝ հնարավոր է, որ, խոսքն իհարկե Հայաստանի մասին չէ այս պահին, որովհետև դեռևս հաստատված որևէ դեպք չունենք: Օրինակ նույն Չինաստանում, այդ փռշտացող մարդու մոտ կարող է հայտնաբերվել սովորական սեզոնային գրիպ կամ  կորոնավիրուսով վարակվածություն և այդ թիվն ավելանում է նաև դրա շնորհիվ: Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտովորապես 5 տոկոսի շրջանակներում են ծանր դեպքերը, որոնք բժշկական օգնություն են պահանջում:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն դեպք կա, երբ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվի՝ թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի, հաջորդ օրը վեր կենա:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Դա մի կողմից դրական է, բայց մյուս կողմից էլ բացասական, երբ հայտնաբերելիության առումով դու իրեն որպես դեպք չես կարող դիտարկել:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե եթե մարդը գլխի չի ընկել, որ ինքը կորոնավիրուսով վարակվել է՝ ո՞նց պետք է հայտնաբերի:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Այո, իսկ տարածաշրջանին վերաբերող թվերը հետևյալն են. Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալներով ունենք արձանագրված 139 դեպք, որից 19-ը մահվան ելքով և վերջին ինֆորմացիան՝ Վրաստանում արձանագրված մեկ դեպքն էր երեկ երեկոյան: Ես առավոտյան խոսել եմ իմ գործընկերոջ հետ: Նրա հետ շփված անձանց մոտ տեստը բացասական է ցույց տվել և նրանք մեկուսացվել են, որպեսզի երկու շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր կամ արդեն առողջ համարվելով դուրս կգրվեն: Համարում եմ, որ Վրաստանում մեկ դեպքի արձանագրումով համաճարակաբանական վիճակն էականորեն  չի փոխվի:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդ որում, պետք է արձանագրել, որ հիվանդը, պացիենտն Իրանից Ադրբեջանի տարածքով գնացել է Վրաստան և նա ըստ էության շփվել է միայն սահմանային անցակետի աշխատողների հետ: Այդ 4 անձինք, որոնց հետ շփվել է՝ սահմանային անցակետի աշխատողներ են, նրանց հետ աշխատանք է արվել, տեստ է արվել և բացասական պատասխաններ են եկել: Այսինքն գործնականում այսպես ասած Վրաստանում վարակվելու դեպք մենք չունենք:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Լոկալ վարակի դեպք չկա, դա բերովի դեպք է, որը լավ միջոցառումների շնորհիվ հնարավոր է, որ չտարածվի: Ամեն դեպքում կարծում եմ՝ մենք գրեթե նույն միջոցառումներն ենք անում Հայաստանում և Վրաստանում:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ էի ուզում հարցնել, օրինակ իրենց աշխատանքն այդ դրվագով բավական տպավորիչ էր: Ես հույս ունեմ, որ մենք էլ առնվազն նույն մակարդակով պատրաստ ենք:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Այո, պարոն վարչապետ: Եվ կառավարության վերջին որոշման համաձայն, երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը՝ կարող եմ տեղեկացնել, որ, իհարկե ինչպես Դուք նշեցիք, դա չի վերաբերվում Հայաստան վերադարձող մեր հայրենակիցներին: Երեկ ինքնաթիռով վերադարձել են 52 նարդ, որոնց ուղեկցել է նաև մեր աշխատակիցը, որպեսզի տեղում՝ օդանավում պարզի կա՞ արդյոք պոտենցիալ պացիենտ, որ մենք Երևանում պատրաստ լինենք նրան դիմավորել: Նման քաղաքացի չի եղել, բոլորը եղել են այդ պահին առողջ և ուղեկցելով Երևան՝ նորից տեղում էլ է զննում կատարվել և ես ուզում եմ հատուկ նշել, որ շատ ենք լսել, որ զննումը բավարար չէ: Ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական և հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառումներ պարզապես չկան: Այսինքն այն ջերմաչափումը և զննումը, որ մենք կատարում ենք սահմանային անցակետերում, այն առավելագույնն է, որ հնարավոր է կատարել նման հիվանդություններով վարակվածության դեպքում: Եվ հետևաբար, այս պահի դրությամբ ահագնացող դեպք չենք ունեցել: 
 
Մինչև օրս կատարվել է բոլոր պոտենցիալ կասկածելի դեպքերի 95 հետազոտություն, որոնցից բոլորը եղել են բացասական: Ներկայումս ունենք 850 հետազոտության տեստ, այսինքն բավարար քանակությամբ տեստեր ունենք և ևս 3000 տեստ շուտով կստանանք: Այսինքն այդ առումով նույնպես հագեցած ենք: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ վերջին երկու օրվա մեջ Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ոստիկանության և մեր ուժերի կողմից, այսինքն համաճարակային ուժերի կողմից ուղեկցվել են, սահմանվել են հատուկ կետեր և մաքսային պահեստեր, որտեղ նրանք դատարկվելու են և վերադառնալու են հետ: Այսինքն պրակտիկորեն եթե չասեմ ամեն ինչ, հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի, չնայած նորից եմ կրկնում, այն համարվելով ռեսպերատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում օրինակ սեզոնային գրիպի H1N1 շտամից, որն ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, այս պահին կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են և Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բնականոն առօրյա կյանքով; Իհարկե հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկատվություն լինի, բնականաբար, այդ անհանգստացնող տեղեկատվությունը կհանրայնացվի: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ նաև բանակում, Զինված ուժերում կանխարգելիչ շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել: Ես խնդրում եմ, որ ծնողները, հարազատներն ըմբռնումով մոտենան: Ես հույս ունեմ, որ նաև Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների կողմից ձեռնարկվող միջոցառումները շատ արագ արդյունավետ կլինեն և մենք հնարավորություն կունենանք օր առաջ Իրանի հետ մեր բնականոն հաղորդակցությունը վերականգնել: Պարոն Ավինյանը ղեկավարում է կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող աշխատանքային հանձնաժողովը, զգոնությունը չենք թուլացնում, էլի եմ ասում, ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է այդպիսի դեպք, որ լինի տեղեկատվություն և ՀՀ կառավարությունն այդ տեղեկատվությունը հանրությունից թաքցնի, ես գիտեմ որ նման դեպքերում խուճապ տարածելու սիրահարներն ակտիվանում են: Այդպիսի բան ուղղակի ի բնե չի կարող լինել, ուրիշ բան, որ մենք կարող ենք ահազանգ ունենալ, այդ պահին 100 տոկոսով համոզված չլինել  դրա ճշմարտացիության մեջ, մեկ-երկու-երեք ժամվա ընթացքում քննարկել, հաստատել և երբ որ հաստատված կլինի որևէ բան, ես հույս ունեմ, որ որևէ բան հաստատված մենք չենք ունենա, այսինքն այս առումով ես կոչ եմ անում, որ բոլորն իրենց բնականոն կյանքով ապրեն, այս պահին որևէ անհանգստացնող բան, բացի այն, ինչ հանրահայտ է, չունենք: Խնդրեմ պարոն Ավինյան:
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Շնորհակալություն պարոն վարչապետ: Ուղղակի հավելեմ նաև պարոն Թորոսյանի կողմից ասվածին, որ բացի նրանից, որ հետազոտում է իրականացվում, հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են մուտք գործում ՀՀ, և օրական ռեժիմով պոլիկլինիկայի աշխատակիցները կապի մեջ են լինում այդ անձանց հետ, որովհետև կա որոշակի ինկուբացիոն շրջան: Իհարկե, կուզենայի նաև նշել Առողջապահության նախարարության որակյալ աշխատանքը, Արտաքին գործերի նախարարության բարձր մակարդակի աշխատանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բարձր որակի աշխատանքը և կարծում եմ, որ մեր առողջապահական համակարգը շատ գրագետ է այս պահին աշխատում, նաև ունենք ծրագիր այն պարագայում, եթե այնուամենայնիվ, կորոնավիրուսը ներթափանցի Հայաստան: Ունենք նախապատրաստած հատուկ վայրեր, որտեղ կարանտին կարող է անցկացվել, որտեղ բուժում կարող է անցկացվել, ես կարծում եմ կանխարգելիչ բոլոր միջոցառումները պատշաճ կերպով իրականացված են, կարծում եմ նույնիսկ շատ ավելի որակյալ, քան որոշ զարգացած երկրներում:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա շատ կարևոր է, և իհարկե հանձնաժողովը պիտի շարունակի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ գլոբալ չի արձանագրվում, որ վիրուսը հաղթահարված է և պարտված է: Խնդրեմ պարոն Թորոսյան:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան - Պարոն վարչապետ, որպես ամփոփում, եթե թույլ տաք՝ մի կոչով դիմեմ մեր հայրենակիցներին,  քանի որ ինչպես նշեցի՝ սա սովորական շնչառական, այսինքն նոր շնչառական վարակ է, ամեն դեպքում կանխարգելիչ միջոցառումները, որոնք մենք միշտ խորհուրդ ենք տալիս սեզոնին՝ խուսափել հազող, փռշտացող, հիվանդ մարդկանց հետ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես ձեռքերի լվացման տեսանկյունից, դրանք ամենաէֆեկտիվ միջոցներն են կանխարգելման և ես կրկին կոչ եմ անում հետևել դրանց, հատկապես հաշվի առնելով այս նոր տեսակի վիրուսի շրջանառությունն ամբողջ աշխարհում: Այսինքն ձեռքերը հաճախ լվանալ, եթե հնարավոր է անտիսեպտիկ նյութերով, ինչպես նաև Դուք նշեցիք բանակում սահմանափակող միջոցառումները, մենք մեր մյուս գործընկերների հետ էլ ենք աշխատում և բոլոր տեսակի փակ տիպի, այսինքն շատ կուտակումներ ունեցող հաստատություններում կրկին առաջարկում ենք սահմանափակող միջոցառումներ կիրառել, մինչև ամբողջությամբ կվերանա վտանգը: Շնորհակալություն:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Դուք հակասեպտիկ միջոցներից խոսեցիք, հիմա շատ տարածված են այդ սպիրտային հիմքով ալկոգելերը, ընդ որում ուշադրություն եմ հրավիրում, հայկական արտադրության շատ  ալկոգելեր կան և կոչ եմ անում օգտագործել հայկական արտադրության այդ միջոցները, մանավանդ որ մյուսներից այդքան էլ հաճելի հոտ չի գալիս, իսկ հայկականից ընդհանրապես հոտ չի գալիս:
 
Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնց – Շնորհակալություն: Ես մի փոքր խոսեմ այս ամենի միջազգային կոնտեքստից: Մենք ուշադիր հետևում ենք չինական զարգացումներին կորոնավիրուսի հետ կապված, այնտեղ ակնհայտ է արդեն վարակվածների դինամիկայի բավականին անկում, Պեկինում մեր դեսպանության տվյալներով, տագնապի մակարդակը բացի Ուհան քաղաքից և համապատասխան նահանգով, մեկ մակարդակով իջեցրել են, այսինքն՝ Չինաստանում այն միջոցները, որոնք իրականացվել են կառավարության կողմից և այդ մասշտաբը, որ կա, արդեն տալիս  է իր արդյունքները, դրա հետ մեկտեղ կան զարգացումներ Ասիական շրջանում՝ Ճապոնիայիում և Կորեայում, իսկ Եվրոպայում՝ Իտալիայում:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Դե մենք նույն միջոցները, նմանատիպ միջոցներ ձեռնարկում ենք նաև այլ ուղղություններով, այսինքն Հայաստան ժամանող ուղևորներն այդ ուղղություններից համապատասխան ընթացակարգով անցնում են և ամբողջությամբ վերահսկողության տակ են: Սա շատ կարևոր է և կարծում եմ էլի ամենակարևոր արձանագրումն, որ ՀՀ-ն ապրում է իր բնականոն կյանքով, եթե որևէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը րոպե առաջ կհայտարարի: Հույս ունեմ, որ այդպիսի անհրաժեշտություն չի լինի:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար