Բացվել է հերթական գաստրոբակը՝ նոր մշակութային տարրերով


Բացվել է հերթական գաստրոբակը՝ նոր մշակութային տարրերով

  • 27-02-2020 16:20:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
Աշտարակում տեղի է ունեցել «Քամանչայի թանգարան և Գաստրոբաակ»-ի ներկայացումը ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: 
 
«Քամանչայի թանգարան և Գաստրոբակ»-ը յուրատեսակ վայր է, որը զբոսաշրջիկներին ու այցելուներին առաջարկում է մշակութային և գաստրոնոմիկ նոր փորձառություն: 
 
Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն տեսնել քամանչաների հավաքածու՝ բակի ներսում գտնվող թանգարանում, մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ: 
 
Գաստրոբակերի ձևաչափը մշակվել և իրականացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից: 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկաներին ներկայացրել են նախագծի մանրամասները։ 
 
Գաստրոբակերը յուրօրինակ կոնցեպտով ձևավորված ենթակառուցվածք են: Նրանք հնարավորություն են ընձեռում մարզաբնակ համայնքներին հյուրընկալել զբոսաշրջիկներին և հյուրերին՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ և մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվեն թվով 35 գաստրոբակեր: 
Սուսաննա Սաֆարյանը հույս է հայտնել, որ գաստրոբակերի կոնցեպտը գրավիչ կլինի մարզաբնակ ձեռներեցների համար, որոնք իրենց իսկ տրամադրության տակ գտնվող հյուրընկալ գյուղական բնակավայրերը կդարձնեն զբոսաշրջության նոր ու հետաքրքիր հանգույցներ։
Գաստրոբակը Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի նախաձեռնությունն է: Ծրագիրն իրականցավում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության հետ համատեղ: 16 նոր գաստրոբակերի բացմանն աջակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն