Պողոս Պողոսյանի եղբորորդին քիչ հավանական է համարում, որ նրան կպատժեին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի


Պողոս Պողոսյանի եղբորորդին քիչ հավանական է համարում, որ նրան կպատժեին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի

  • 27-02-2020 17:00:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

19 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը, ակնկալում է, որ արդարությունը վերականգնվի, արդար դատաքննություն ընթանա, եւ բոլոր մեղավորները պատժվեն:
 
Վերաքննիչ դատարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման հարցով այսօրվա նիստին նա եւս ներկա էր, սակայն որեւէ կարգավիճակ չուներ: ՀԺ-ի այն հարցին, թե որն էր պատճառը, որ այս ընթացքում որեւէ մեկը դատարանի կողմից տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել, Պողոսյանը պատասխանեց. «Հորս անունով նամակներ եկել են, բայց մենք, բնականաբար, չենք կարողացել դրանք ստանալ, դրանք հետ են գնացել, եւ մեզ համար անակնկալ էր, որ որեւէ մեկին իրավահաջորդ չեն ճանաչել»: Պողոսյանը նշեց, որ անպայման կդիմեն դատարան՝ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու:
 
Լրագրողի հարցին, թե բացի Աղամալ Հարությունյանից, էլ ում է համարում մեղավոր, Սամվել Պողոսյանը պատասխանեց. «Ես անուններով չգիտեմ, բայց այդ ժամանակվա վկայություններով՝ եղել են 7-8 հոգի, մի քանի հոգով են ծեծել, սպանել, բայց միայն Աղամալ Հարությունյանին է մեղադրանք առաջադրվել իբր անզգուշությամբ սպանության համար»: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն այս պատմության մեջ մեղավո՞ր է, Պողոսյանը պատասխանեց. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ առանց նրա հրամանի չէր կարող դա իրականացվել, չեմ կարող ասել՝ ասվել է՝ սպանեք, ծեծեք, թե վախեցրեք, որպեսզի հասարակությունն էլ այդպիսի մեթոդներով վախենա, դա թող դատաքննությունը պարզի, բայց ես քիչ հավանական եմ համարում, որ առանց նրա հրահանգի դա կլիներ, անվտանգության աշխատակիցներն իրենց նախաձեռնությամբ դա կանեին»: Պողոսյանի պնդմամբ՝ եթե հրաման տվող եղել է, ապա պետք է անպայման պատժվի:
 
Կմիջնորդե՞ն արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության, Սամվել Պողոսյանը դժվարացավ պատասխանել, ասաց՝ դատաքննության ընթացքում փաստաբանները կորոշեն. «Դե, նա այն ժամանակ էլ հեռուստատեսությամբ ասել է՝ ես մի երկու բան ավել կուզեի ասել, թող գա՝ տեսնենք՝ ինչ էր ուզում ասել»: Դիտարկմանը, որ դեպքի օրը Պողոս Պողոսյանի հետ նրա ընկերը՝ Ստեփան Նալբանդյանն էլ է եղել, արդյոք նա պատրա՞ստ է դատարանում հարցաքննվել, եղբորորդին ասաց, որ նրա հետ չի խոսել, բայց նա վերջերս հարցազրույց է տվել. «Կարծում եմ՝ գուցե գա, ավելի ճիշտ՝ պետք է գա, թե ինչ ցուցմունք կտա, չեմ կարող ասել»:
 
Դատախազությունը, հիշեցնենք, բողոք է ներկայացրել Պողոսյանի սպանության գործով Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու եւ նոր դատաքննություն նշանակելու պահանջով: Բողոքի բուն քննությունն այսօր չսկսվեց, քանի որ Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց հետաձգել նիստը քրեական գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով:
 
Ըստ դատախազության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ գործով ականատես վկաների դիմումների եւ հարցաքննությունների արդյունքում պարզվել են դեպքի մասին էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին. «Այսինքն՝ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ»:
 
Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը