«Այո»-ի կողմը նշանակումներ է արել բոլոր 2008 հանձնաժողովներում, «Ոչ»-ի կողմը՝ մասամբ. ԿԸՀ նախագահը թվեր է հրապարակում


«Այո»-ի կողմը նշանակումներ է արել բոլոր 2008 հանձնաժողովներում, «Ոչ»-ի կողմը՝ մասամբ. ԿԸՀ նախագահը թվեր է հրապարակում

  • 02-03-2020 17:08:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Այո» քարոզչական կողմը նշանակումներ է կատարել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
 
ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակել է 2008 ընտրական տեղամասերից 1975-ում: 31 տեղամասում կատարվել է 1-ական նշանակում եւ միայն 2 տեղամասում է, որ «Ոչ»-ի կողմը որեւէ նշանակում չի արել:
 
Հարցին, թե որոնք են տեղամասերը, որտեղ «Ոչ»-ի կողմը որեւէ անդամ չի նշանակել, Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք են Լոռու մարզի Պետրովկա եւ Նովոսելցովո բնակավայրերը: «2-ն էլ փոքր տեղամասեր են: Պետրովկա բնակավայրը (25/20 տեղամաս) ունի 215 ընտրող, Նովոսելցովո (25/42 տեղամաս) բնակավայրն ունի 130 ընտրող»,- հավելեց ԿԸՀ նախագահը:
 
Տեղամասային ընտրական 2008 հանձնաժողովներից յուրաքանչյուրում 2-ական անդամ նշանակելու վերջնաժամկետը մարտի 1-ն էր: «Այո»-ի շտաբը հայտարարել էր, որ հանձնաժողովներում անդամներ նշանակելու համար օգտագործելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեսուրսը, իսկ «Ոչ»-ի շտաբը հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալու համար դիմել էր «Այո»-ին դեմ կուսակցությունների օգնությանը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դրական պատասխան էին տվել՝ հայտարարելով, թե ցանկության դեպքում չեն խոչընդոտի իրենց կուսակցությունների լիցենզավորված անդամների ընդգրկմանը այդ հանձնաժողովներում:
 
ԿԸՀ նախագահն ասաց, որ իրենց փոխանցված տվյալներում չի երեւում, թե առաջարկված անձանցից ով որ կուսակցությունից է. «Մեզ մոտ երեւում են քաղաքացիներ, որոնք մասնակցել են դասընթացների՝ ստանալով՝ լիցենզիաներ»,- հավելեց Տիգրան Մուկուչյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը