Մեծահասակների կրթությունը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում


Մեծահասակների կրթությունը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

  • 10-03-2020 09:30:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության հայաստանյան մասնաճյուղը՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը, և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեծահասակների կրթության ծրագրի իրագործման հուշագիր ստորագրեցին։ 
 
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ՔՈԱՖ-ին տրամադրում է մասնագիտական և ֆինանսական աջակցություն, որ առանձնացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը:
«Մեզ համար շատ կարևոր է ՔՈԱՖ-ի հետ աշխատել, քանի որ այն գյուղի շահառուներին մոտ կանգնած կազմակերպություն է, ու մենք վստահ ենք, որ տրված աջակցությունը ծառայելու է նպատակին»,- ասաց «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը։ 
 
Ոչ ֆորմալ կրթությունը խթանում է մեծահասակների մասնակցությունը մշակութային, սոցիալական և տնտեսական գործընթացներին, ինչպես նաև կայուն զարգացմանն ու աղքատության նվազեցման գործընթացներին։ Գործընկերության եռամյա ծրագրի խթան է հանդիսացել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կարևոր դերը մեծահասակների կրթության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում։ 
 
«Մեծահասակների կրթությունը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում» խորագրով ծրագիրը ներառում է  Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեծահասակների կրթության նախաձեռնություններ, տարաբնույթ դասընթացներ և աշխատաժողովներ, մասնագիտական խորհրդատվություն, համայնքային նախաձեռնություններ և այլն։ 
 
«ՔՈԱՖ-ի անունն իսկ երեխայակենտրոն ծրագրեր է ենթադրում, սակայն մեր առաքելությունը գյուղական համայնքների համապարփակ զարգացումը խթանելն է։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ մեր համագործակցությամբ մենք ցույց ենք տալիս Հայաստանի  ժողովրդին, մեր համայնքներին ու դոնորներին, որ ամենայն լրջությամբ աշխատում ենք նաև մեծահասակների կրթության ու ինքնիրացման ուղղությամբ»,-  նշեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ 
 
Մասնագիտական վերապատրաստումները նախատեսված են 120 հոգու համար, ու նրանց թիվն ավելանալու է առցանց և աջակցող լրացուցիչ հնարավորություններ տրամադրելու շնորհիվ։ Դրական ծնողավարության, առողջ ապրելակերպի և այլ թեմաներով դասընթացների և աշխատաժողովների կարող են մասնակցել շուրջ 200 մեծահասակներ։ 
ՔՈԱՖ-ի տնօրենն ընդգծեց հատկապես Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի պես հեղինակավոր միջազգային ընկերության հետ աշխատանքը, որ բնութագրվում է հարուստ փորձառությամբ, բծախնդրությամբ ու որակական լրջագույն պահանջներով և վերահսկման մեխանիզմներով։ 
 
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և ՔՈԱՖ-ի համագործակցությունը մեկնարկել է դեռ անցյալ տարի ու շարունակվելու է նաև 2021-ին՝ մեծահասակների կրթության ոլորտում ներդնելով ընդհանուր առմամբ շուրջ հիսուն հազար եվրո։ Գործընկերները վստահ են, որ միասին գործելու դեպքում շահառուների համար ավելի մեծ արդյունքներ կարող ենք գրանցել։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն