Եթե դուք ճիշտ եք, բացատրեք ձեր «ոչ»-ը. Արամ Սարգսյանը ասելու է «այո»


Եթե դուք ճիշտ եք, բացատրեք ձեր «ոչ»-ը. Արամ Սարգսյանը ասելու է «այո»

  • 10-03-2020 15:37:31   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Սահմանադրական հանրաքվեն 2017 եւ 2018 թվականներին սկսած գործողությունների հստակ ու պարզ շարունակությունն է:
 
Այս մասին այսօր Քաջարանում հավաքի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
 
Նա հիշեցրեց, որ 2018-ին ժողովուրդը ոտքի կանգնեց եւ մերժեց իշխանությանը: «Այդ մերժումը չէր վերաբերում միայն Սերժ Սարգսյանին, «մերժիր Սերժին»-ը վերաբերում էր ամբողջ համակարգին: Ժողովուրդը մերժեց գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, հիմա ժողովուրդը մերժում է դատական իշխանությանը եւ հայտնվել են մարդիկ, ովքեր ասում են՝ ոչ, ժողովուրդը չի մերժում դատական իշխանությանը»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հենց սրա համար էլ գործող իշխանությունը հանրաքվե է կազմակերպում՝ ճշտելու՝ ժողովուրդը մերժո՞ւմ է համակարգին, թե՝ ոչ:
 
«Հիմա էլ այդ մարդիկ ասում են՝ հանրաքվեն իրավական չէ: Կա՞ մի որեւէ երկրիր, որտեղ ժողովրդի կամքը հարցնելն իրավական չէ: Միայն չասեք՝ Ադրբեջանը: Նախկինում, եթե մտածում էիք, որ գնաք ընտրության՝ կհաշվե՞ն ձեր քվեն, չեն հաշվի, իմաստը ո՞րն է, հիմա չկան այդ բաները: Հիմա ձեր քվեն ոչ ոք չի կարող չհաշվել, ցույց տվեք, որ իշխանության տերն եք, որ ուզում եք ձեւավորել նաեւ դատական իշխանության բուրգը»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ հեղափոխությունից հետո միայն արդար ընտրություններ են եղել:
 
Սարգսյանը նշեց, որ ինչքան էլ նայում է «ոչ»-ի կողմը, չի տեսնում, թե ովքեր են կանգնած այդ կողմում: «Ֆանտաստիկ ֆիլմերի ինչ-որ աներեւույթ մարդ է երեւի: Ինչ-որ խմբեր են ձեւավորվել, հանձնաժողովներում արագ-արագ մարդիկ են տեղավորում, բայց կոնկրետ չի երեւում, թե ով է «ոչ»-ի թիկունքին կանգնած: Ինչքան մտածում եմմ, ինձ համար պարզ է դառնում, որ «Ոչ»-ի դեմքը Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյանն են: Եթե ես սխալվում եմ, թող նրանք ասեն, որ սխալվում եմ, թող ասեն՝ Արամ ջան, մենք «ոչ» չենք, մենք «այո» ենք: Բայց նրանք են «ոչ»-ը, որովհետեւ Սահմանադրությունը նախկին իշխանությանը, նախկին իշխանության դեմքերին քաղաքական հարցեր լուծելու առումով անձեռմխելիություն է տալիս, եւ նրանք ուզում են օգտվել այս ՍԴ-ից, որն իրենց շարունակությունն է»,- ասաց Սարգսյանը:
 
Ըստ նրա՝ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ այդ իրավաբանները, որ ձեւավորել են «ոչ»-ի կողմը, չեն գնա ժողովրդի մեջ եւ բացատրեն, թե ինչու հանրաքվեն իրավական չէ:
 
«Նրանք միայն հեռուստատեսությամբ կարող են խոսել սրա մասին: Եթե դուք ճիշտ եք, բացատրեք ձեր «ոչ»-ը: Օրենքը ժողովրդի համար է, ոչ թե ժողովուրդը օրենքի»,- հայտարարեց Սարգսյանը՝ շեշտելով, որ ասելու է «այո» սահմանադրական բարեփոխումներին, որ իր երեխաները չունենան այն խնդիրները, որոնք նա 2 անգամ ունեցել է ՍԴ-ի հետ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը