Վարչապետը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է և չի կարող հրաժարվել անվտանգության աշխատակիցներից կամ հատուկ տրանսպորտային միջոցներից
10-03-2020 17:23:20 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի նպատակով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղից տեսաուղերձով դիմել է հանրությանը։ Տեսանյութում երևում է, որ Փաշինյանը Ագարակ է ժամանել երկրի ղեկավարին սպասարկող տրանսպորտային միջոցով՝ ուղղաթիռով։ Մամուլում և սոցիալական ցանցերում հարցադրումներ հնչեցին, թե վարչապետը իրավունք ունի՞ օգտվելու ծառայողական տրանսպորտային միջոցներից՝ գտնվելով արձակուրդում։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է վերոգրյալ հարցերը կարգավորող օրենսդրությունը։
Այսպես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված է տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց նախընտրական քարոզչության ժամանակ ներկայացվող սահմանափակումները։ Մասնավորապես՝ նշված հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է. «արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների»։
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ վարչապետը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է, որը, ինչպես Հանրապետության նախագահը և Ազգային ժողովի նախագահը, պաշտոնավարման ժամանակահատվածում իրավասու չէ հրաժարվելու պետական պահպանությունից։
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով ամրագրված են նաև պետական պահպանությունը ապահովելու համար իրականացվող միջոցառումները և օգտագործվող միջոցները, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտային սպասարկումը, օպերատիվ-հետախուզական գործունեությունը, ավտոտրանսպորտային միջոցներով ուղեկցումը, հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավորապես սահմանափակումը և այլն։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.6 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է, որ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում է հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասից պարզ է դառնում, որ վարչապետը չի կարող հրաժարվել դրանցից։
Այլ կերպ ասած, հատուկ պետական պաշտպանության ներքո գտնվող երեք անձինք (ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ և ՀՀ ԱԺ նախագահ) պաշտոնավարման ընթացքում ենթակա են պետական պահպանության, ինչը ենթադրում է ոչ միայն տրանսպորտային սպասարկում և անվտանգության աշխատակիցների ուղեկցում, այլև բացմաթիվ այլ միջոցառումներ։ Ընդ որում՝ այս անձինք իրավասու չեն հրաժարվելու դրանցից։