Վարչապետը ներողություն է խնդրում քաղաքացուց՝ կոտրելով ՀՀ-ում արմատացած` ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր կարծրատիպը. Էմիլ Օրդուխանյան
11-03-2020 16:08:17 | Հայաստան | Հասարակություն
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն անդրադառնալով կուրթանեցի Մեխակ Առաքելյանից ՀՀ վարչապետի հրապարակային ներողություն խնդրելու փաստին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սխալներ գործում են բոլորը, սակայն դրանց համար ներողություն խնդրելը, առավել ևս, երբ դու ամենաբարձունքում ես, հատկանշական է միայն ուժեղներին։
Երբ վարչապետը ներողություն է խնդրում քաղաքացուց, ապա դրանով կոտրում է ՀՀ-ում տարիներ շարունակ արմատացած ֆոնտենյան առակի կարծրատիպը` (ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր)։ Իսկ իրեն պարտված համարող քաղաքացին այս ներողությամբ հաղթանակած է դուրս գալիս, քանի որ ՀՀ-ում քաղաքացին` մարդը, բարձրագույն ԱՐԺԵՔ է և չպետք է պարտվողի գիտակցություն ունենա։
ՀՀ Սահմանադրության անփոփոխելի դրույթն ամրագրում է, որ ՀՀ-ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավոր է հոգալ իր քաղաքացիների սոցիալական կարիքները։ Իսկ նրանք, ովքեր կրկին փորձում էին պղտոր ջրում ձուկ որսալ, մնացին ձեռնունայն։
Այսպիսով` ՀՀ-ում ձևավորվում է ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ։
Հ.Գ. Այս վարքագիծը պետք է օրինակելի դառնա բարձր և միջին պաշտոններ զբաղեցնողների համար»։