Առանց կառավարման համակարգի էական վերանայման հանրաքվեներն անարդյունավետ կլինեն


Առանց կառավարման համակարգի էական վերանայման հանրաքվեներն անարդյունավետ կլինեն

  • 13-03-2020 11:51:40   |   |  Մեկնաբանություն

 
(Համառոտ հոդվածի բովանդակության մասին: Հայաստանում Հիմա իրավիճակն այնպիսին է, որ տեսլականները, նախագծերը, որոշումները չեն քննարկվում, իսկ քննադատությունը պարզապես անտեսվում է։ Ակնհայտ է, որ նման իրավիճակում ցանկացած նախաձեռնություն, այդ թվում ՝ հանրաքվեները, ձախողվելու է։ Հետևաբար, որևէ բան սկսելուց առաջ պետք է վերանայել կառավարման համակարգը, այն դարձնել ավելի խելամիտ։ Հոդվածը տալիս է այդ հարցերի  պատասխանները)։
 
Մի պահ հրաժարվեք ձեզ պարտադրված տարբեր կարծրատիպերից (սորոսականների, հանրապետականների, նիկոլականների)։ Ինքներդ մտածեք հետևյալի մասին։
 
Հարց 1. Արդյո՞ք խելամիտ է համաժողովրդական քվեարկության դնել մեկ (ընդ որում բավականին մասնավոր) հարց։
 
Ակնհայտ է, որ քվեարկության համար մեծ գումարներ են ծախսվելու՝ ժողովրդական գումարներ: Երկիրն ունի հազարավոր անհետաձգելի գործեր։ Եթե, այնուամենայնիվ, մենք գնում ենք քվեարկության, արդյոք ավելի լավ չէ միանգամից մի շարք հարցեր դնել քվեարկության, որպեսզի կրկին ու կրկին գումար չծախսենք: Չէ որ ակնհայտ է, որ մի շարք այլ հրատապ խնդիրների լուծման համար նույնպես հանրաքվեներ են պահանջվելու։ Օրինակ՝ լյուստրացիաների (Վարուժան Ավետիսյանի առաջարկած) կամ անցումային արդարադատության (Հայկ Մարտիրոսյանի առաջարկած) համար նույնպես հանրաքվեներ են հարկավոր։ Ինչո՞ւ դրանք չանցկացնել միասին։ Ինչ է Հայաստանում փողի ավելցո՞ւկ կա։ 
 
Հետո ինձ դուր եկավ Արթուր Արմինի դիտարկումն այն մասին, որ քվեարկության դնելով միայն մեկ հարց՝ անուղղակիորեն ընդունվում է, որ մնացած բացասական կետերը հանրաքվեի կարիք չունեն՝ այսինքն անուղղակիորեն առաջարկվում է լեգիտիմացնել բազմաթիվ այլ բացասական կողմեր։ 
 
(Այստեղ ես գիտակցաբար նշում եմ նախագծերի հեղինակների անունները՝ իշխանություններին ցույց տալու համար, որ հեղինակին նշելը պետք է նորմ լինի)։
 
Հարց 2. Արդյո՞ք խելամիտ է համաժողովրդական քվեարկության դնել սահմանադրական դատարանի հարցը։
 
Այս հարցը պահանջում է խորը գիտելիքներ, որոնց մասին ժողովուրդը նույնիսկ պատկերացում չունի։ Չէ որ պարզ է, որ ժողովուրդը դրա մեջ ոչինչ չի հասկանում։ Ինչպե՞ս կարելի է նման անգրագետ ձևով հարց դնել։ Դա միևնույնն է, եթե համաժողովրդական քվեարկության դրվեն գիտության օրենքները (ասենք Նյուտոնի օրենքները)։ Փաստորեն, Փաշինյանը շատ մշուշոտ, խորամանկ ձևով ժողովրդին խնդրում է իրեն հնարավորություն տալ ունենալ այնպիսի սահմանադրական դատարան, որը, իր կարծիքով, «լավը» կլինի։
Նման հարցադրումը նույնպես կարելի է քննարկել։ Նույնիսկ կարելի է քննարկել Փաշինյանին «բռնապետական» իրավունքներ տրամադրելու հարցը։ Ընդհանրապես բռնապետները առաջանում են, երբ խնդիրները շատ են, իսկ դրանց լուծումները չեն երևում։ Ասում եմ առանց հեգնանքի «մեզ հիմա չէր խանգարի բռնապետ ունենալ, որովհետև խնդիրները շատ են, իսկ գործող օրենքները թույլ չեն տալիս դրանք լուծել»:
Սակայն այստեղ կա մի մեծ (շատ մեծ) «բայց»։ Այստեղ առաջանում է (հիմնական)՝
 
Հարց 3. Իսկ ո՞վ ասաց, որ Փաշինյանի կառավարությունը կարող է որևէ հարց լուծել։ Ինչու պետք է հավատանք, որ ինքն ու իր թիմը ունակ են ճիշտ լուծել սահմանադրական դատարանի հարցն ու այլ հարցեր։
Դիտարկենք, օրինակ, թե ինչ է արել Արայիկ Հարությունյանը (Փաշինյանի նախարար) գիտության և կրթության հետ։ Իր պաշտոնավարման ընթացքում նա ամենասարսափելի հարվածը հասցրեց այդ ոլորտներին։ Բացատրեմ, թե որն է այդ սարսափելի հարվածը։ Բանն այն է, որ գիտությունը ծերանում է սարսափելի արագ, և այդ ոլորտները փրկելու մեր վերջին հնարավորությունը կայանում հենց նրանում էր, որ պետք էր ձևավորել կառավարման ճիշտ կառուցվածք և ավագ սերնդի գիտնականներին ներգրավել գիտական ու մանկավարժական ոլորտում փոխարինողներ նախապատրաստելու համար։ Նախարարը նույնիսկ չզբաղվեց դրանով և դրանով իսկ ամենասարսափելի հարվածը հասցրեց գիտությանն ու կրթությանը։ Նշված գլխավոր գործի (նախարարի համար) փոխարեն նա զբաղվել է միայն գործերով, որոնցով կարող էր զբաղվել իր նախարարության վերջին պաշտոնյան։ Նա նույնիսկ չհասկացավ, թե ինչումն է նախարարի դերը։ Չհասկացավ, որ նախարարը պետք է ունենա զարգացման տեսլական (հայեցակարգ)։ Չհասկացավ, որ երբ նախարարը խոսում է, իր պնդումները պետք է հիմնավորված լինեն։
Ի վերջո, նա առաջարկել է նոր օրենքի նախագիծ, որտեղ ոչ մի կետ (կրկնում եմ ՝ ոչ մի) հիմնավորված չէր։ Առաջարկել է նոր օրենքի նախագիծ, որը համընդհանուր տարակուսանք է առաջացնում։ 
Եվ դա այն դեպքում, երբ հենց սկզբից նրան ներկայացվեց գիտության եւ կրթության զարգացման տեսլականը (հայեցակարգը), որտեղ յուրաքանչյուր քայլը հիմնավորված է, որի իրականացման հայեցակարգը չի պահանջում որևէ ֆինանսական ներդրում: Ավելին, առաջարկվող հայեցակարգը միակն էր իր տեսակի մեջ (որտեղ բոլոր մոտեցումներն ու առաջնահերթությունները դիտարկվել են ամբողջությամբ, քայլերը և լուծումները նշված են): Այլ գիտնականներ նույնպես առաջարկել են ինչ-որ բան, բայց շոշափել են միայն մասնավոր մոտեցումներ, այնպես որ այդ առաջարկները ոչ մի կերպ չեն կարող դիտվել որպես տեսլական կամ հայեցակարգ: Հայեցակարգը առաջարկվել է գիտական շատ լուրջ մրցանակ ստացած գիտնականի կողմից։ Եվ դուք կարծում եք Հարությունյանը ինչ-որ կերպ արձագանքեց, քննարկումներ սկսեց կամ հերքեց որևէ կետ։ Ամենևին էլ ոչ։ Հարությունյանն ուղղակի անտեսում էր այդ ամենը։ Ես վստահ եմ, որ դրանով Հարությունյանը հիմքից կտրել է գիտության և կրթության հետագա զարգացման բոլոր հնարավորությունները։ (Ի դեպ, վստահ եմ, նույնը կաներ Սորոսը)։
Հնարավոր է, որ միայն Հարությունյանն է այդպիսին, իսկ մյուս նախարարներն ավելի լա՞վն են։ Չեմ կարծում։ Կառավարությունում և խորհրդարանում բոլոր գլխավոր պաշտոնյաները գրեթե ամեն օր հայտարարում են՝ «մենք բաց ենք քննարկումների համար»։ Գլխավոր պաշտոնյաները պարզապես ստո՛ւմ են։ Դրանցից շատերին ես ուղարկել եմ նշված հայեցակարգը և ոչ մի պատասխան չեմ ստացել, քննարկման ոչ մի հրավեր։
Եկեք արձանագրենք հակիրճ շարադրվածը՝ Փաշինյանի թիմը (և կառավարությունում, և խորհրդարանում) անտեսեց, հրաժարվեց քննարկել ամբողջական տեսլական ներկայացնող գիտնականի առաջարկները։ Ընդ որում, նույն թիմը բազմաթիվ քննարկումներ է կազմակերպում ներգրավելով ուսանողներին ու խորհրդարանի երիտասարդներին, այսինքն ՝ կազմակերպում է անիմաստ և ապաշնորհ PR ներկայացումներ։ Ավելին, թիմը չի ամաչում պնդել քննարկման համար իր բաց լինելու մասին և չի ամաչում պնդել, որ իրենց նախարարները «լավ» են։
Այժմ դիտարկենք արդեն բերված քննադատության ներքո վերը նշված 3 հարցը՝ «Իսկ ո՞վ ասաց, որ Փաշինյանի կառավարությունը կարող է որևէ հարց լուծել»։
Ինչպես տեսնում ենք նշված օրինակների վրա, կրթության և գիտության ոլորտում Փաշինյանի թիմը մանր-մունր բաներով է զբաղվում և անտեսում մասնագետների առաջարկները։ Ինչո՞ւ պետք է հավատանք, որ այս թիմը կարող է այլ հարցեր ճիշտ լուծել: 
Մեծահասակները հասկանում են, որ ցանկացած պաշտոնյա, առաջին հերթին, զբաղված է իր աթոռով, այսինքն «յուրայիններին» տեղավորելով։ Նկատեք, որ պաշտոնյայի համար ամենաատելին բանիմաց մարդն է, պրոֆեսիոնալը, ով միշտ կարող է մատնանշել իր սխալներն ու սխալ վարքագիծը:
Այնպես որ, կարևորը ոչ թե մարդուն աթոռին նստեցնելն է (ինչպես անում է Փաշինյանը և կարծում, որ դրանով գործն ավարտված է), այլ պայմաններ ստեղծելը, որոնց դեպքում պաշտոնյան ստիպված կլիներ անընդհատ ականջալուր լինել ավելի բանիմաց մարդկանց կարծիքներին։
 
Փաշինյանի կառավարման հենց սկզբից մենք (Հայ մասնագետների խորհուրդը) ներկայացրել ենք հետևյալ առաջարկությունները։
 
Առաջարկ 1. Ստեղծվում են հարթակներ, որտեղ մասնագետները ներկայացնում են իրենց տեսլականներն ու նախագծերը, կառավարությունը դրանցից ընտրում է առավել խելամիտները, դրանք դառնում են պարտադիր իրականացման համար (նախարարների և այլ պաշտոնյաների կողմից)։
 
Նկատեք, եթե իրականացվում է առաջարկ 1-ը, ապա նախարարները (նույնիսկ նրանք, ովքեր չգիտեն իրենց գործառույթները) ստիպված կլինեն ճիշտ բաներ անել (քանի որ որոշումները մշակվում են մասնագետների կողմից)։
 
Այնուհետև նկատենք, որ Հայաստանում, բազմաթիվ ոլորտներում կան մարդիկ, ովքեր գործնական առաջարկներ են անում կամ ունեն գործնական քննադատություն։ Սակայն նոմենկլատուրային նախարարների համար (դա գրեթե նույնն է, ինչ կոռուպցիոներները) գործնական մարդիկ և գործնական քննադատությունը ամենաանցանկալին են։ Այնպես որ, նրանք բոլոր ուժերով այդ ամենը թաքցնում են իրենց ղեկավարությունից։ Օրինակ՝ նախարարն ասում է դպրոցների տանիքների, ուսուցիչների ծաղկեփնջերի, թոշակառուների տոմսերի մասին, և Փաշինյանը նստած հիանում է իր նախարարով՝ բոլորովին չկասկածելով, որ իր նախարարը մանրուքով է զբաղված, որ նախարարն անտեսում է իր գլխավոր պարտականությունները։
Նման հակապետական իրավիճակի հետ մշտապես չառնչվելու համար (երբ քննադատություն կա, բայց այն ոչ մի կերպ չի երևում) առաջարկում ենք հետևյալը։
 
Առաջարկ 2. Ցանկացած քննարկման ժամանակ պաշտոնյաները պետք է ենթարկվեն հետևյալ կանոնին։ Պաշտոնյաները պետք է ամբողջությամբ ներկայացնեն բոլոր քննադատական դիտողությունները և պատասխանեն դրանց։
Պետք է գիտակցել, որ այդ հարցը չափազանց կարևոր է։ Պետք է գիտակցել, որ նոմենկլատուրային պաշտոնյային ձեռնտու է թաքցնել «վերևներից» իր գործունեության վերաբերյալ քննադատությունը։
Ամփոփելու համար հիշեցնեմ քաղաքագիտության և տնտեսության մեջ մի դասական բանաձև՝ «Դու արդեն հաղթել ես, եթե քեզ հաջողվել է հիմարին քո մրցակցի մոտ հիմնական պաշտոնում նշանակել»։
Մեզ մոտ ճիշտ այդ իրավիճակն ունենք՝ նախարարները չգիտեն իրենց պարտականությունները, ոչ մեկին չեն լսում ու քննադատությունից դուրս են։
Այսպիսով, 1-ին և 2-րդ առաջարկները կարող են արմատապես փոխել նման իրավիճակը:
 
Ես դեռ հույս ունեմ, որ Փաշինյանը կլսի ասվածը և կգործի համապատասխանաբար։ Այսինքն՝ կներդնի 1-ին և 2-րդ առաջարկները։
Միայն այդպես կարող է ներդրվել ողջամիտ կառավարման համակարգ այս փուլում։ Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել «բարեփոխումների» ու հանրաքվեների մասին: Այլապես, ապագայում Փաշինյանի ժամանակաշրջանը կոչվելու է ոչ պրոֆեսիոնալների և ոչ պրոֆեսիոնալ որոշումների դարաշրջան։
 
Գրիգոր Բարսեղյան
(Հայ մասնագետների Խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր)
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն