ԱԺ-ն քննարկեց Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի հորատման գործընթացը վերահսկելու մասին օրինագիծը


ԱԺ-ն քննարկեց Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի հորատման գործընթացը վերահսկելու մասին օրինագիծը

  • 25-03-2020 12:17:04   | Հայաստան  |  Տնտեսություն

Ազգային ժողովն այսօր քննարկեց Կառավարության կողմից «Ջրային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կանոնկարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական կարգը: 
 
Ինչպես նշյալ օրինագծի ներկայացման ժամանակ տեղեկացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Ջրային օերնսգրքով արդեն իսկ նախատեսված եղել է ստորգետնյա քաղցրահամ ջրերի հորատմանն առցանց հետևելու անհրաժեշտությունը, սակայն կարգավորված չի եղել, թե ի՞նչ և ո՞ւմ միջոցներով պետք է ձեռք բերվեն համապատասխան սարքավորումները: 
 
«Օրենքի նախագծի ընդունման հետևանքով արդեն մշակված է Կառավարության համապատասխան որոշումը, որով կսահմանվի առանձնահատկությունները: Նախագծի կարևորությունը կապված է նրա հետ,  որ այն թույլ է տալու այսուհետև վերահսկելու Արարատյան դաշտում իրականացվող հորատումները ստորգետնյա ջրերի մասով, և օրենքի նախագիծն ընդունելուց հետո պարզ կլինի արդյո՞ք այդ հորատումները օրենքին համապատասխան են իրականացվում, թե՝ ոչ»,- ընդգծեց Է. Գրիգորյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ առցանց սարքավորումների տեղադրումը կիրականացվի նման գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին: 
 
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե ե՞րբ է թվայնացվելու Հայաստանում ջրային ռեսուրսների համակարգը և արդյո՞ք այդ ուղղությամբ գերատեսչությունն ունի  ռազմավարություն՝ Է. Գրիգորյանը փաստեց, որ նախարարությունում ստեղծվել է ջրային ռեսուրսների կառավարման կադաստր, որտեղ ներառված են և՛ ջրօգտագործման թույլտվությունները, և՛ ջրահեռացման նորմերը, իսկ որոշ տեղերում էլ ներդրվել են առցանց վերահսկման համակարգեր.
 
«Այսօր ձկնաբուծական ընկերություններում 19  առցանց վերահսկման համակարգեր կան և մենք կարողանում ենք տեսնել ջրառի քանակը: Ինչպես նաև 2018  թվականից արդեն ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման ծավալները վերհսկելու նպատակով տեղադրվեց ջրօգտագործման հաշվիչները և այսօր ավելին քան 80-90 տոկոսն ունեն այդ հաշվիչ կայանները, այսինքն՝ հնարավոր է տեսնել ջրօգտագործումը: Սակայն, քանի որ խնդիրը բաշխված է մի քանի գերատեսչություններում, այսինքն՝  Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատու է ջրօգտագործման թույլտվություն տալու համար, հիդրոմետը, որը տրամադրում էր ջրային առկա ռեսուրսների վերաբերյալ տվյալներ, դրանից հետո սպառողները նույնպես բաժանվում են, այսինքն՝ գործողությունների որոշ մաս իրականացնում է Ջրային կոմիտեն և որոշակի վերահսկողական ֆունկցիաներ իրականացնում է տեսչական մարմինը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մենք նաև գրություն ենք ուղարկել վարչապետի աշխատակազմ, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, որ այդ տվյալները համադրենք»:  
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Տնտեսություն