Այսօր ժամը 16:00-ից հետո ոստիկանությունը կտուգանի ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտող քաղաքացիներին. Փոխոստիկանապետ


Այսօր ժամը 16:00-ից հետո ոստիկանությունը կտուգանի ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտող քաղաքացիներին. Փոխոստիկանապետ

  • 25-03-2020 13:20:21   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր ժամը 16:00-ից հետո ՀՀ ոստիկանություն ամբողջությամբ կկիրառի օրենսդրությունը և կտուգանի ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտող քաղաքացիներին: 
 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, մինչ նշյալ ժամը փորձել և փորձում են քաղաքացիներին ընտելացնել երեկվանից գործող հատուկ ռեժիմի պայմաններին: 
 
Ըստ նրա՝ արդեն 92 հոգու մեքենաներից դուրս են հրավիրել՝ որպես երրորդ անձ: 
 
«Երեկվանից հատուկ ռեժիմ է իրականացվում ՀՀ-ում՝ կապված մեր քաղաքացիների տեղաշարժի հետ։ Որոշակի սահմանափակումներ են մտցվել, և մեր քաղաքացիներն այս սահմանափակումների հիման վրա պարտավոր են ինքնամեկուսանալ և պահպանել ինքնամեկուսացման կանոնները։ Մեր ուժերը հիմա ամբողջությամբ ուղղված են այդ պահանջների կատարմանը։ Եվ հույս ունեմ, որ մենք կկարողանանք ապահովել դա»,- ընդգծեց փոխոստիկանապետը: 
 
Նրա խոսքերով՝ կան նաև բացառություններ, որոնք սահմանված են, թե կոնկրետ ոլորտների աշխատակիցներն ինչպես պետք է ներկայանան աշխատանքի, օրինակ՝ լրագրողները կարող են  տեղաշարժի ժամանակ ոստիկաններին ցույց տալ իրենց բեյջերը: 
 
Հ. Մհրյանը նաև նկատեց, որ ոստիկաններն իրենց ուժերի քանակական սահմաններում ամբողջ ՀՀ տարածքում իրականացնում են ծառայություն և փորձում են որքան հնարավոր է ամբողջական շղթաները փակել։ 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն