Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյան


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյան

  • 26-03-2020 13:38:28   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ:
 
Այս մասին մարտի 26-ին կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դժվարանալով հստակ թիվ հայտնել: 
 
Ըստ նրա՝ կորոնավիրուսով վարակված երեխաներն իրենց լավ են զգում և որևէ սիմպտոմ չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 
 
«Շատ է խոսվել այս մասին, որ երեխաները, այո՛, միգուցե դառնան վիրուսի տարածման աղբյուր, սակայն իրենց իսկ օրգանիզմի վրա վիրուսի ազդեցության նկարագրված դեպքեր չկան մինչ օրս, եթե հաշվի առնենք, որ աշխարհում արդեն մոտ 500 հազարի է հասնում վարակվածների թիվը, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա: Նույնը մենք ենք տեսնում մեր երկրում»,- ընդգծեց Ա. Թորոսյանը: 
 
Նրա խոսքերով, երբ իրենք խոսում են քիչ խոցելի խմբերի մասին այդ թվում երեխաների մասով, ապա նկատի ունեն հիմնականում առողջներին: 
 
Թորոսյանը փաստեց, որ ի տարբերություն առողջ երեխաների՝ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին կորոնավիրուսից պաշտպանելու համար իրենք հավելյալ ջանքեր են գործադրում, ինչը չի նշանակում, թե առողջ երեխաները պաշտպանության կարիք չունեն: 
 
«Առողջ երեխաներին, իհարկե, պետք է պաշտպանել, որպեսզի նրանք չհանդիսանան փոխանցող այլ երեխաներին, երեխաները՝ մեծերին, և հետո այդպես ավելի շատ ռիսկի խմբում գտնվող անձանց, տարեց մարդկանց, ոչ այդքան տարեց, բայց խռոնիկ հիվանդություն ունեցող անձանց, այսինքն՝ միանշանակ է, որ պետք է կոտրել վարակի փոխանցման շղթան բոլոր տարիքներում»,- շեշտեց նախարարը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն