Առաջնագծում են կոպեկներ ստացող բժիշկները, իսկ ի՞նչ են անում միլիոնավոր դրամներ աշխատավարձ և պարգևավճար ստացողները
27-03-2020 12:08:04 | Հայաստան | Հասարակություն
Տեսնելով կորոնովիրուսի դեմ պայքարում աշխարհի բժիշկների անձնուրաց պայքարը ակամայից հիշեցի նրանց վերաբերյալ համացանցում պտտվող երկու պատմություն, որոշեցի համակցել դրանք և ներկայացնել հանրությանը, գտնելով որ այս երկու պատմությունները լավագույնս արտացոլում են այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում:
Եվրոպական երկրներից մեկի միկրոբիոլոգներից մեկը կորոնավիրուսի հետ կապված մասնավորապես հայտարարել էր հետևյալը ՝
<< Իշխանությունները ֆուտբոլիստներին, մենեջեռներին, պատգամավորներին, հարկային տեսուչներին և տարբեր չինովնիկներին տալիս են աստղաբաշխական աշխատավարձեր և պարգևավճարներ, իսկ բժիշկներին և գիտության զարգացմանը կոպեկներ, այժմ երբ համաճարակը պարուրել է աշխարհը և անխտիր հնձում է բոլորին, դիմում են այն նույն կոպեկներ ստացող բժիշկներին և գիտնականներին, որպեսզի փրկեն իրենց, գնացեք և դիմեք աստղաբաշխական աշխատավարձ և պարգևավճարներ ստացողներին, նրանք կփրկեն ձեզ>>:
Եվրոպացի բժիշկ գիտնականի զայրույթը և վիրավորանքը առավել քան հասկանալի է և արդարացի, սակայն նույնիսկ այս պայմաններում բժիշկները և գիտնականները չեն դադարում իրենց անձնուրաց պայքարը հանուն մարդկության փրկության:
Նրանց այս պահելաձևն էլ բացատրում է, երկրորդ պատմությունը:
<<Ադամի և Եվայի սերունդները, հետևելով Տիրոջ պատվիրաններին, բազմանում էին: Նրանք տարեց տարի դառնում էին ավելի շատ:
Մարդիկ, այս անհանգիստ և անխոհեմ արարածները բնավ չգիտեին, թե ինչպես պաշտպանել Արարչի կողմից իրենց տրված մարմինը :
Նրանք ոչնչընչացնում էին իրենց մարմինը ամեն տեսակի ավելորդություններով և վատ սովորություններով, անընդհատ խեղում և վնասում էին միմյանց, մեկնում էին վտանգավոր ճամփորդությունների, ձեռք էին առնում գիշատիչ կենդանիներին, ուտում էին ինչ պատահի, ընկնում կտրուկ ժայռերից,խեղդվում փոթորկոտ ջրերում:
Հրեշտակները իրականում կրակն էին ընկել մարդկանց ձեռքը, և նրանց փրկության գործում այնքան էին աշխատում, որ նույնիսկ ժամանակ չէին գտնում փոխել իրենց մաշված թևերը:
Սակայն նույնիսկ այս ռեժիմով աշխատելու ժամանակ հրեշտակներին հաջողվում էր փրկել շատ քչերին, քանի որ մարդիկ հրաժարվում էին ենթարկվել կանոններին, թեթևամիտ էին, անպատասխանատու, նրանց թվում էր, որ դժբախտությունը, վնասվածքը , համաճարակը, վիրուսը, կատաղած գիշատիչները իրենց կշրջանցեն:
Տեսնելով այս ամենը Աստված հրամայեց ընտրել մարդկանցից ամենալավերին, այնուհետև նա օժտեց նրանց անձնուրացությամբ, անշահախնդրությամբ, քրտնաջան աշխատանքով ՝ ապահովեց պայծառ միտքով, բարի սրտով և հմուտ ձեռքերով:
Հրեշտակների հետ նմանությունը ապահովելու համար նրանց սպիտակ հագուս հագցրեց և պատվիրեց նրանց ծառայել մարդկությանը ՝ իրենց ամբողջ ուժն ու միտքը նվիրելով այս բարձր կոչմանը:
Այսպես աստված ստեղծեց բժիշկներին>>:
Այո, բժիշկները նրանք Աստծո կողմից տրված մարդկային կյանքեր փրկող հրեշտակներ են և իշխանությունների կողմից նրանց հանդեպ դրսևորած անարդարությունը չի կարող հանդիսանալ այն առիթը, որ վերջիններս շեղվեն Աստծո կողմից տրված իրենց առաքելությունից:
Բայց դա չի նշանակում, որ այսուհետ, իշխանությունները պետք է դասեր չքաղեն այս իրավիճակից:
Այսօր միլիոնավոր դրամներ աշխատավարձ և պարգևավճար ստացող պատգամավորները, հարկային տեսուչները, պետական չինովնիկները ինքնամեկուսացվել են և նրանց պայքարը համաճարակի դեմ, արտահայտվում է ֆեյսբուքյան ստատուսներով:
Առաջնագծում են կոպեկներ ստացող բժիշկները, և այսքանից հետո, դեռ գտնվում են տանը ինքնամեկուսացված մարդիկ, որ փորձում են թերացումներ գտնել ռազմաճակատում կռվող զինվորների գործողությունների մեջ:
Իսկ ամենազավեշտալին էլ այն է, որ մեր ընտրյալ պատգամավորները, որոշեցին, իրենց ընդամենը մեկ ամսվա պարգևավճարը փոխանցել բժիշկներին, հավանաբար մյուս ամիսների աշխատավարձը և պարգևավճարը նրանց ծայրահեղ անհրաժեշտ է ֆեյսբուքյան ստատուսներ տեղադրելու համար, իսկ պետությունը որպես փոխհատուցում, որոշեց 50 տոկոսի չափով մեկ ամիս հավելավճար տալ բժիշկներին, իրենց փրկիչներին:
Կցանկանամ հիշեցնել իշխանություններին, եթե չլինեն բժիշկները, ապա դուք ուղղակի չէք կարող աշխատավարձ և պարգևավճար ստանալ, քանի որ օրենքը արգելում է մահացած մարդկանց աշխատավարձ և պարգևավճար տալը, բացի այդ վիրուսի թիրախը մեծահասակներն եմ, կարծում եմ դուք էլ ծնողներ ունեք և այսօր բժիշկները պայքարում են նաև նրանց կյանքի համար:
Ընդունեք նաև վերջապես, որ ձեր և ձեր ծնողի կյանքի համար կոպեկներով առաջնագծում պայքարող բժիշկը, գոնե այս օրերին չպետք է մտածի կոմունալ ծախսերի, վարկերի մուծման և արդեն 15 օր չտեսած, իր ընտանիքի հացի մասին:
Հիշեք ևս մեկ բան, Աստված առաջինը իր մոտ է տանում ամենալավերին, իսկ դուք ձեզ համարում էք ամենալավը, ամենաաննախադեպը, ամենախելացին, ամենագիտունը, այստեղից էլ բխում է, որ կորոնավիրուսի թիրախը հարգելիներս դուք էք և ձեր էլիտար ծնողները: