Արսեն Թորոսյանը հաստատեց փոքրիկ երեխայի և նրա մոր կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, նաև տեղեկացրեց՝ բուժվել է ևս 10 քաղաքացի
27-03-2020 12:36:41 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս 10 քաղաքացի, բուժվածների թիվն այս պահին ընդհանուր 28 է:
Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ հիվանդանոցներում փաստացի բուժվում է 300 քաղաքացի:
«Երեկ տեղի ունեցել մոտ 41 քաղաքացիների մեկուսացումից, եթե կարելի է այդպես ասել, դուրս գրում. Նրանց մոտ թեստերը եղել են բացասական և նրանք վերադարձել են տուն, ինչպես նաև ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տասը կրկնակի բացասական թեստով անձիք դուրս են գրվել հիվանդանոցից»,- նշեց Ա. Թորոսյանը:
Վերջինիս խոսքերով՝ առայժմ հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկ քաղաքացի ծանր վիճակում է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
Անդրադառնալով մամուլով տարածված այն լուրին, թե Հայաստանում կորոնավիրուսով վարակված մայր ու 2 ամսական երեխա կա, նախարարն ասաց, որ երեկ կառավարությունում տված ասուլիսի ժամանակ տեղյակ չի եղել այդ դեպքի մասին:
«Ուզում եմ հաստատել, որ նման դեպք կա. երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի, նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ և ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու, առողջությունը վերականգնելու համար»,- եզրափակեց Ա. Թորոսյանը: