ԱԻՆ փրկարար ծառայության կորոնավիրուսով վարակված մեկ աշխատակից գտնվում է բուժման փուլում, իսկ նրա հետ շփված ևս 11-ը՝ մեկուսացված են
27-03-2020 20:33:34 | Հայաստան | Հասարակություն
Երևան քաղաքի փրկարար ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է և գտնվում է բուժման փուլում:
Այս մասին մարտի 27-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ այդ վարակված աշխատակցի հետ ակտիվ կոնտակտի մեջ գտնված երրորդ հերթափոխի ևս 11 աշխատակիցներ մեկուսացված են Լուսակերտում տեղակայված իրենց համապատասխան կառույցներից մեկում:
Վ. Գաբրիելյանի խոսքերով՝ առողջապահության նախարարության աջակցությամբ ամեն ինչ արվում է մեկուսացվածների վիճակը հսկելու և հետագա բարդացումներից խուսափելու համար:
«Ուզում եմ ասել, որ բոլոր ստորաբաժանումներում ամեն օր՝ 2-3 անգամ ջերմաչափում է արվում, իրականացվում են վարակազերծման աշխատանքներ այդ տարածքների, նույնիսկ մենք գնացինք նրան, որպեսզի իրար փոխարինող հերթափոխերը չհանդիպեն»,- ընդգծեց փրկարար ծառայության տնօրենը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ԱԻՆ կենտրոնական ապարատից շուրջ 180 աշխատակից՝ գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, ավագ լեյտենանտներ, ենթասպաներ, պատրաստ են անհրաժեշտության դեպքում փոխարինել իրենց այն գործընկերներին, որոնք կորոնավիրուսի պատճառով հնարավոր է «շարքից դուրս» գան:
«Մենք շատ ակտիվ համագործակցում ենք պետական կառավարման մարմինների հետ ինչպես հանրապետական, այնպես էլ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Բոլոր մարզերում գործի են դրվել արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, ստեղծվել են օպերատիվ շտաբներ՝ մարզպետների գլխավորությամբ և այդ շտաբներում ակտիվ գործունեություն են ծավալում մեր մարզային կառույցների ներկայացուցիչները»,- փաստեց Վ. Գաբրիելյանը: