Արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների առողջական վիճակի հետ կապված մտահոգվելու առիթ չկա. Բրիգադի հրամանատար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28-03-2020 17:01:59   | Հայաստան  |  Հասարակություն
Աշխարհում կորոնավիրուսի սրընթաց տարածման պայմաններում Աղֆանստանում, Լիբանանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների առողջական վիճակի հետ կապված մտահոգվելու առիթ չկա: 
 


Ինչպես ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, իրենք պարբերաբար հարցեր և մտահոգություններ են ստանում առ այն, թե ինչպիսի՞ն է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների առողջական վիճակը, ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում զորախմբերի կազմում:
 
Նշյալ հարցերի պատասխանն ստանալու համար ՊՆ մամուլի խոսնակը ուղիղ եթերում դիմեց Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, ում միջոցով նաև տեսակապ հաստատվեց արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի ներկայացուցիչների հետ: 
 
Ա. Տոնոյանը տեղեկացրեց,
որ իրենք մշտական կապի մեջ են զորախմբերի հետ, հետևում և վերահսկում են նրանց կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանը: 
 
Բրիգադի հրամանատարն առաջինը տեսակապ հաստատեց Աղֆանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Թադևոսյանի հետ: 
 
Վերջինս տեղեկացրեց, որ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բնականոն հունով, իսկ կորոնավիրուսի հետ կապված որևէ մտահոգիչ խնդիր ու խոչընդոտ չունեն: 
 
«Իրականացված կանխարգելիչ միջոցառումները հետևյալն են. կրճատվել է քաղաքացիական բնակչության ելքը և մուտքը մեր ռազմաբազա, իսկ զինծառայողներին բաժանվել են սպիրտային լուծույթներով փոքրիկ տարաներ, որոնք զինծառայողները պահում են իրենց գրպանում, և բաժանվել են մի փոքր ավելի մեծ տարաներ, որոնք տեղադրված են գրասենյակներում, միջանցքներում, ժամանցի և այլ նշանակության սենյակներում, որպեսզի զինծառայողները հաճախակի ախտահանեն իրենց ձեռքերը: Իսկ զինծառայողների ստուգման հետ կապված զորախմբում ունենք բժշկուհի, որը շատ հետևողականորեն հետևում է զինծառայողների առողջական վիճակին»,-
ընդգծեց Կ. Թադևոսյանը: 
 
Ըստ էության նույն տեղեկատվությունը տրամադրեցին նաև Կոսվոյում և Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի ներկայացուցիչները: 
 
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադն իրականացնում է միջազգային խաղաղարար առաքելություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում և Աֆղանստանում: 
 

 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1290 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար