Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցած քաղաքացիներին աջակցելու հերթական փաթեթը


Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցած քաղաքացիներին աջակցելու հերթական փաթեթը

  • 30-03-2020 13:31:14   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարությունը մարտի 30-ին հրավիրված արտահերթ նիստում ընդունեց կորոնավիրուստի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական աջակցության 6-րդ փաթեթը: 
 
Այն կառավարությանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 
 
«Եվ այսպես՝ առաջին ծրագիրը ներկայացնեմ` օրակարգի առաջինը, որը 6-րդ միջոցառումն է: Միջոցառման շահառու են համարվում ՀՀ այն քաղաքացիները կամ ֆիզիկական անձիք, ովքեր աշխատանքային պայմանգրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ՝ առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում, կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30 ընկած ժամակահատվածում: Աջակցության տրամադրումը ենթադրում է միանվագ ամսական աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով»: 
 
Ըստ սոցապ նախարարի՝ պետության կողմից տրամադրվող նշյալ աջակցությունից չեն կարող օգտվել հետևյալ անձիք. 
 
ա) Ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը
 
բ) Ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա և 2020թվականի մարտի 30-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել 
 
գ) Ով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358 որոշման համաձայն միջոցառման շահառու է եղել 
 
Զ. Բաթոյանը հիշեցրեց, որ ներկայացված միջոցառումը վերաբերում է մարտի 13-ից 25-ն ընկած ժամակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցող անձանց: 
 
«Այս միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը»,- ընդգծեց նա: 
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փաթեթի հետ կապված հետաքրքրվեց, թե արդյոք այն ներառում է հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցներին, քաղծառայողներին: 
 
Նա նկատեց, որ ներկայացած միջոցառումն ուղղված է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն, իսկ մարդը հնարավոր է աշխատանքից ազատված լինի այլ պատճառով: 
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան էլ ընդգծեց, որ պետք է այս փաթեթի դեպքում ևս կիրառվեն կառավարության կողմից ընդունված նախորդ 4-րդ և 5-րդ միջոցառումների սահմանափակումները, ինչին կողմ արտահայտվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play