Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են բնականոն հունով. հանձնաժողովի նախագահ


Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են բնականոն հունով. հանձնաժողովի նախագահ

  • 31-03-2020 13:13:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են բնականոն հունով:
 
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ասել է 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը:
 
Նրա խոսքով՝ ժամը 8:00-ին ընտրատեղամասը բացվել է, և մինչ այս պահը որևէ դիմում-բողոք չի ներկայացվել:
 
«Ընտրատեղամասում գրանցված է շուրջ 1360 ընտրող: Ընդհանուր առմամբ, նկատվում է զգալի ակտիվություն: Մեր քաղաքացիները հետևում են սահմանված կանոններին, պարտադիր կերպով կրում են դիմակ և ձեռնոց, սակայն պետք է նշեմ, որ հաճախակի են առաջանում կուտակումներ: Փորձում ենք հնարավորինս խուսափել կուտակումներից և կոչ ենք անում մեր ընտրողներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ միաժամանակ պահպանելով անվտանգության կանոնները»,- ասել է Հարությունյանը:
 
Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
 
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
 
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
 
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 
 
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն 
«Անկախության սերունդ» կուսակցություն 
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
Արցախի հեղափոխական կուսակցություն
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Արցախի պահպանողական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
 
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը