ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ակտիվ կապ պահպանել տեղի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ վերադարձը ճիշտ կազմակերպելու համար


ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ակտիվ կապ պահպանել տեղի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ վերադարձը ճիշտ կազմակերպելու համար

  • 31-03-2020 13:30:46   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հորդորում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ակտիվ կապ պահպանել տեղի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: 
 
Ինչպես նշեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, քաղաքացիների հետ ձևավորվող կապը թույլ է տալիս ՀՀ ԱԳՆ-ին և դիվանագիտական ներկայացուցչություններին գնահատել իրավիճակը և հնարավորինս ճիշտ ու հասեցական կազմակերպել  նրանց վերադարձը: 
 
«Մենք դեռ մարտի 14-ին մեր հերթական նախազգուշացում ենք արել, որպեսզի ՀՀ քաղաքացիները խստագույնս զերծ մնան արտասահմանյան ուղևորություններից, ինչպես նաև հանրապետությունից դուրս գտնվողներին շտապ վերադառնալ հայրենիք»,- հիշեցրեց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ համակարգն աշխատում է և իրենք քաղաքացիներին տարհանելու բազմաթիվ օպերացիաներ են իրականացրել: 
 
Ա. Ադոնցի խոսքերով, եթե չկան տարհանման գործողություններ, ապա դեսպանությունները քաղաքացիներին ուղղորդում են, թե ինչպես պետք է վերադառնալ, ինչ չվերթներ կան, որոնք են ճիշտ ճանապարհները, նաև շատ հաճախ տեխնիակական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին: 
 
«Վերադառնալու առումով, իհարկե, կան օբյեկտիվ դժվարություններ: Այդ դժվարություններից են տվյալ երկրում (որտեղ գտնվում է ՀՀ քաղաքացին) գործող կարանտինային ռեժիմներով պայմանավորված սահմանափակումները, տեղափոխման կամ տեղաշարժման առողջապահական ռիսկերը և երրորդը՝ օդային հաղորդակցության շատ խիստ սահմանափակումները»,- ընդգծեց փոխարտգործնախարարը՝ ևս մեկ անգամ հորդորելով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադառնալուց առաջ լավ ուսումնասիրել և հնարավորինս մանրամասն տիրապետել առկա իրավիճակին: 
 
Նա նաև տեղեկացրեց, որ տարբեր երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն անում են ամեն ինչ, որպեսզի ժամանակավոր կարգավորեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած, բայց վերադառնալ չկարողացող քաղաքացիների կացության հարցը՝ ապահովելով մինիմալ պայմաններ՝ կացության վայրը, սնունդը և նույնիսկ ֆինանասական միջոցների տրամադրումը: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն