Հայաստանում ևս 10 օրով կերկարաձգվի քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմը. Նիկոլ Փաշինյան
31-03-2020 15:43:11 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում ևս 10 օրով կերկարաձգվի քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմը։
Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ ամենն արվում է ոչ թե քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու, այլ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հաղթահարելու համար:
«Երեկ ես մի քանի ռեպորտաժներ էի նայում բակերում զբոսնող հայրենակիցների վերաբերյալ, որտեղ մարդիկ այն համոզումն էին արտահայտում, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Ես շատ կուզեի կիսել ձեր լավատեսությունը սիրելի հայրենակիցներ, բայց ցավոք սրտի իրականությունն այդպիսին չէ, և եթե մենք հոգ չտանենք, այս իրավիճակում արտակարգ միջոցառումներ չձեռնարկենք, կորոնավիրուսը կհասնի մեզ շատ արագ, չնայած կա նաև այդպիսի վարկած, որը շրջանառվում է միջազգային մամուլում, թե այսպես կան այնպես կորոնավիրուսով շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս»,- նկատեց Ն. Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ այժմ իրենց խնդիրն է այնպես անել, որպեսզի կորոնավիրուսի տարածման գործընթացը լինի առավելագույնս կառավարելի:
Վարչապետը հորդորեց և կոչ արեց քաղաքացիներին շատ լուրջ վերաբերել իրավիճակին: