Մարդկանց հոսքը դրսում ինչ-որ չափով ավելացել է. հիշենք, թե՛ վարակողը, թե՛ վարակվողը մենք ենք


Մարդկանց հոսքը դրսում ինչ-որ չափով ավելացել է. հիշենք, թե՛ վարակողը, թե՛ վարակվողը մենք ենք

  • 31-03-2020 17:36:19   | Հայաստան  |  Հասարակություն

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքի իր էջում դիմում է հանրությանը.
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
վերջին երկու օրվա դիտարկումներս ցույց են տալիս, որ, ի համեմատ խստացված սահմանափակումների առաջին օրերի, մարդկանց հոսքը դրսում ինչ-որ չափով ավելացել է թե՛ հետիոտների, թե՛ մեքենաների առումով: Շուտ հարմարվելով փողոց դուրս գալու նոր պայմաններին (տեղաշարժման թերթիկ, անձը հաստատող փաստաթուղթ, դիմակ, ձեռնոցներ և այլն)՝ որոշ քաղաքացիներ, իրենց մոտ ունենալով անհրաժեշտ պարագաները, ենթադրաբար դուրս են գալիս տանից առանց խիստ անհրաժեշտության. ուղղակի զբոսնելու,մաքուր օդ շնչելու, իրար հետ շփվելու և այլ նպատակներով: Սա նշանակում է, որ մենք մի փոքր թուլացել ենք, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ վարակի տարածումը կանխելու ընդհանուր գործընթացի վրա, որտեղ մեր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ չափը բավականին ՄԵԾ է:
Մենք պետք է հաշվի առնենք, որ հանրապետությունում դանդաղ, սակայն շարունակում է աճել վարակակիրների թիվը: Որքան այն աճի, այնքան ավելի շատ ռեսուրսներ են պահանջվելու դրա դեմ պայքարելու համար: Մենք պետք է գիտակցենք, որ այդ ռեսուրսները մեր պարագայում սահմանափակ են:  Իսկ եթե վարակի ուժեղ բռնկում լինի, այդ ռեսուրսները կարող են և չբավարարել՝ հանգեցնելով խիստ անցանկալի հետևանքների:
Այսօր արդեն խստացված սահմանափակումները երկարաձգվեցին առնվազն 10 օրով: Դա նշանակում է, որ դրական դինամիկայի ցուցանիշները գոնե այս փուլում այնքան մեծ չեն, որ սահմանափակումները նվազեցվեն: Իսկ իրավիճակի նկատմամբ ոմանց ոչ այնքան լուրջ վերաբերմունքի հետևանքով խստացված սահմանափակումների ժամկետը կարող է էլ ավելի երկարաձգվել: Սա հոգեբանորեն հղի է սոցիալական բողոքի ներուժով, որի դեպքում հասարակությունը կարող է անկառավարելի դառնալ:
Իհարկե, մեզ հաճելի չէ, երբ մեր իրավունքները սահմանափակվում են: Սակայն եթե մենք գիտակցաբար չգնանք ինքնասահմանափակումների, մեր իրավունքները կարող են անհրաժեշտաբար ավելի սահմանափակվել՝ առաջացնելով մեզ մոտ ԲՈՂՈՔ, որը ցանկալի չէ արտակարգ դրության և համաճարակի պայմաններում:
Հետևապես՝ եկեք ցույց տանք հավաքական ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆԵՐՍ սահմանափակենք մեր տեղաշարժերը, ֆիզիկական շփումները: Եթե դուրս գալու խիստ անհրաժեշտություն ունենք, ապա այնպես կազմակերպենք մեր տեղաշարժը, որ դա լինի հնարավոր նվազագույնը: Օրինակ՝ տանից մեկ անգամ դուրս գալով՝ կատարենք անհրաժեշտ բոլոր գնումները, որոնք մեզ թույլ կտան մի քանի օր այլևս այդ նպատակով տանից դուրս չգալ:
Հիշենք, որ վարակի տարածման կանխումը սկսվում է այն ՉՏԱՐԱԾԵԼՈՒՑ: Մեր խնդիրը վարակի նոր օջախներ չառաջացնելն է: Թե՛ վարակողը, թե՛ վարակվողը մենք ենք: Եվ մենք ենք, որ կարող ենք այն ԿԱՆԽԵԼ:
 
#ՄՆԱ՛ #ՏԱՆԸ մարտահրավերը նետի՛ր նաև մյուսներին...
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն