Ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտած քաղաքացիների նկատմամբ վարչական վարույթներն ու տուգանքներն ինքնանպատակ չեն. Տիգրան Ավինյան


Ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտած քաղաքացիների նկատմամբ վարչական վարույթներն ու տուգանքներն ինքնանպատակ չեն. Տիգրան Ավինյան

  • 31-03-2020 17:45:50   | Հայաստան  |  Հասարակություն

Ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտած քաղաքացիների նկատմամբ վարչական վարույթներն ու տուգանքներն ինքնանպատակ չեն: 
 
Այս մասին մարտի 31-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: 
 
Ըստ նրա՝ վարչական վարույթները շարունակվելու են հարուցվել, իսկ դրանցից յուրաքանչյուրի դեպքում կայացվելու են անհատական որոշումներ: 
 
«Մենք բոլոր հնարավոր միջոցներով՝ կոչերով, սահմանափակումներով, «Վարչական իրավախախտումների» մասին օրենսգրքում փոփոխություններով, «Քրեական օրենսգրքում» փոփոխություններով, շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որոնք որ կսահամանափակեն մարդկանց տեղաշարժերը»,- ընդգծեց Տ. Ավինյանը՝ հավելելով, որ վերահսկողության ուժեղացումը նշանակում է, որ վարչական վարույթների թիվն աճելու է:  
 
Նրա խոսքերով՝  ներկայիս փուլում շատ կարևոր է, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիներն իրապես գիտակցեն, որ իրենց պոտենցիալ տեղաշարժը, որը կենսական նշանակություն չունի, որը կապված չէ այնպիսի աշխատանքի հետ, որին իրենք չենք կարող չներկայանալ, որը կապված չէ խնամքի կարիք ունեցող անձի մոտ գնալուն և մի շարք այլ բացառությունների հետ, պետք է չեղարկել: 
 
Լրագրողի հարցին, թե այդ տուգանքներից գոյացած գումարներն ինչ ուղղությամբ են ծախսվելու, ՀՀ պարետը նշեց.
 
«Ընդհանուր տրամաբանություն է գործում բոլոր տիպի հավաքագրումներից. դրանք մուտքագրվում են բյուջե, բայց ինչ վերաբերում է առողջապահական համակարգի կարիքները սպասարկելուն, այդ առանձնացված գումարը կա, և այդ ուղղությամբ արդեն իսկ կարելի է ասել մենք բոլոր պաշարները նախատեսել ենք»: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 24-ից ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն