Կառավարությունը ողջամիտ ու թափանցիկ է գործում. հեռախոսազանգերին հետեւելու օրինագիծն անհրաժե՞շտ էր


Կառավարությունը ողջամիտ ու թափանցիկ է գործում. հեռախոսազանգերին հետեւելու օրինագիծն անհրաժե՞շտ էր

  • 01-04-2020 09:25:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-իզրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը
 
Պարոն Սահակյան, ԱԺ-ն թեև առաջին ընթերցմամբ ընդունեց կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու խնդրահարույց նախագիծը, երկրորդ ընթերցմամբ այն տապալվեց, և նույն օրը նորից խորհրդարանի օրակարգում հայտնվեց և ընդունվեց։ Ինչպե՞ս եք գնահատում նախագիծն ինքնին։ Արդյոք հիմնավոր են կառավարության փաստարկները։
 
Անձնական տվյալների պահպանությունը ժողովրդավարական պետություններում անկյունաքարային խնդիր է։ Քաղաքացիների անձնական կյանքին միջամտությունը, եթե, իհարկե, նրանք հանցանք չեն գործել և դրա վերաբերյալ դատարանի վճիռ չկա, պետք է դիտել որպես չափազանց կոպիտ ու հետևանքների առումով շատ վատ պրակտիկա։ Պետք է քննել՝ պետությունը սպառե՞լ է հիվանդության տարածման դեմ իրականացվող արդյունավետ միջոցառումների ցանկը, թե ոչ։ Եթե պետությունը սպառել է հիվանդության տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ապա կարելի է քննարկել այս մի միջոցառման արդյունավետությունն ու դա հակակշռել անձնական տվյալների պահպանության պետության ստանձնած պարտավորությանը։ Ես չեմ կարծում, որ միջոցները սպառվել են, չնայած, ավելի պակաս եմ ինֆորմացված, քան այսօրվա օպերատիվ որոշումներ կայացնողները։
 
Ընդհանրապես արտակարգ դրության պայմաններում իրականացված սահմանափակումներին որքանո՞վ են հետևում քաղաքացիները։ Տեսակետ կա, որ դրանք ավելի խիստ պետք է լինեին, որ արդյունավետ լինեին։ Ի՞նչ եք Դուք կարծում։
 
Պետք է հաշվի առնել, որ նման դրության մեջ մարդիկ առաջին անգամ են հայտնվում, և այդ առումով կարող են բացթողումներ լինել։ Բացի դա, այնպես չէ, որ հիվանդության վտանգավորություն մասին հանրային կարծիքը միանշանակ է։ Եթե վտանգներն ու հետևանքներն այնքան ու այնպիսին լինեին, ինչքան դրա վերաբերյալ տարածված առասպելներն են, ապա վստահաբար պատկերն այլ կլիներ։ Այստեղ կարևոր է ողջամտությունը չկորցնել ու խուճապի չտրվել։ Խստացման կողմնակիցները երբեմն շատ են խտացնում գույները։ Կարծում եմ՝ եթե չհաշվենք վերը նշված օրինագիծը, ապա կառավարությունը ողջամտորեն է գործում՝ կանխելով միանգամից ու մեծաթիվ վարակման դեպքերը։
 
Ընդհանրապես այս նախագիծը այդքան կենսական անհրաժեշտությո՞ւն էր և նպաստելո՞ւ է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը, որ ամեն գնով փորձեցին կյանքի կոչել։
 
Խոսքը հենց այդ մասին է, որ միջոցառումների ցանկն ամբողջությամբ սպառած չէ, որպեսզի քաղաքացիների անձնական կյանք միջամտելու անհրաժեշտությունը դիտվի որպես վերջին ու անխուսափելի միջոց։ Վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում։ Եթե դա ճիշտ չէ, ապա պետք է իրական ամբողջ պատկերը բաց ներկայացնել հանրությանը։ Ես, որպես մի քաղաքացի, մինչ այժմ ահազանգ չեմ նկատել, որ կարող է կառավարությունը թափանցիկ չլինել այս հարցում։ Քաղաքացիների անձնական տվյալների նման բազայի հետ պետության առնչությունների հարցը բաց է ամբողջ աշխարհում։ Սրա շուրջ մեծ բանավեճ կա, և հարցը կապված է ոչ թե ու ոչ միայն վարակված անձանց հետ կոնտակտավորներին հայտնաբերելու, այլ տեխնիկական առաջընթացի պայմաններում բարոյականության մասին ժամանակակից պատկերացումների հետ։ Բոլորն ընդունում են տեխնիկական առաջընթացի գոյությունը, դրանով պայմանավորված բազաների առաջացումը, բայց, համաձայնեք, ոչ ոքի հաճելի չէ գիտակցել, որ իր վերաբերյալ տվյալները հավաքագրվում են և երբևէ կարող են օգտագործվել իր դեմ։ Անկատար համակարգերի դեպքում վախ կա, որ այդ տվյալները պետությունը չի կարողանա լավ պաշտպանել։ Մարդիկ պետությանը նայում են որպես անձնական կյանքին միջամտելու հարցում իրենց պաշտպանող միջոց։ Ինչպե՞ս վերաբերվել նրան, որ պետությունն ինքն է այդպիսի տվյալներ հավաքագրելու հայտ ներկայացնում։ Կարծում եմ՝ մենք ու մարդկությունը դեռ պատրաստ չէ դրան։
 
Ընդհանրապես, կառավարությունը որքանո՞վ է արդյունավետ քայլեր կիրառում կորոնավիրուսի դեմ պայքարում։
 
Ես դրա վերաբերյալ կարող եմ դատել միայն թվերով։ Այն, որ իրավիճակը վերահսկվում է, որ հայտնաբերված հիվանդների կորը մեծ ցատկերով չէ, հուշում է, որ ձեռնարկված միջոցառումները, այսօրվա դրությամբ, արդյունավետ են։ Կրկին հույս եմ հայտնում, որ կառավարությունը այս հարցում մինչև վերջ թափանցիկ կլինի և թույլ չի տա ինֆորմացիայի բացակայության պայմաններում իրավիճակի ուռճացված գնահատականներ տալ։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play