Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի համավարակի հաղթահարման թեմայով

նախագահը հեռախոսազրույց է ունեցել COVID 19 հարցերով Իսրայելի համակարգողի հետ

01-04-2020 19:29:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մարտի 22-ին Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։
 


Դոկտոր Շալմոնը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ Իսրայելում ձեռնարկված քայլերը։
 
Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։
 
Նախագահ Սարգսյանը և դոկտոր Շալմոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության
կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։
 
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում բժշկական ինժեներիայի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այս ոլորտում Իսրայելի հետ հնարավոր համագործակցությանը։ Իսրայելն ունի ժամանակակից բժշկություն և զարգացած առողջապահական համակարգ, որը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար:
 
Օրեր առաջ Հայաստանի և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ զրույց էր տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի միջև: Նրանք ներկայացրել էին կորոնավիրուսի դեմ պայքարի՝ երկու երկրների փորձը և պայմանավորվել շարունակել մասնագիտական շփումները: Կորոնավիրուսի դեմ պայքարի Իսրայելի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար