Բանակը կանխեց աղետը. ինքնիշխանության վերջին թելը

02-04-2020 11:42:13   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանում հիշում են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին, որոնք կյանքի գնով կանգնեցրին ադրբեջանական ագրեսիան եւ ռեգիոնալ ռազմա-քաղաքական միջավայրը վերադարձրին հայկական հաղթանակի դիրքեր, որից այն շեղվել էր առաջին հաղթանակին հաջորդած տարիների ընթացքում՝ Հայաստանի անարդյունավետ կառավարման եւ ինքնիշխանության գրեթե չեզոքացման հետեւանքով: Այդ իմաստով, ապրիլյան քառօրյան դարձավ Հայաստանի ինքնիշխանության համար մղվող պատերազմ, եւ Հայաստանի հակառակորդներին չհաջողվեց կտրել ինքնիշխանության վերջին թելը: Բանակը եւ հանրությունը պահեցին այն:
 


Ապրիլյան ագրեսիան Հայաստանի պետական քաղաքականության տարիների անարդյունավետության, քաղաքական համակարգի դեգրադացման, պետական մտածողության նենգափոխման հետեւանք էր: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում առաջին հաղթանակին հաջորդած քառորդդարյա շրջանում տեղի ունեցած զարգացումներն են հաջորդաբար բերել տարաբնույթ մեծ ու փոքր քաղաքական կամ ռազմա-քաղաքական կատակլիզմների, այդ թվում ողբերգությունների, ի վերջո հանգեցնելով ներքին քաղաքական այնպիսի միջավայրի ձեւավորման, որը թույլ է տվել արտաքին շահագրգիռ ուժերի Հայաստանի շուրջ ձեւավորել ադրբեջանական ագրեսիայի ջերմոցային միջավայր:
 
Դա իրականացվել է ռուս-թուրքական գործակցությամբ: Ռուսաստանն ու Թուրքիան
եղել են ադրբեջանական ագրեսիայի սնուցման հիմնական գեներատորները: Այդ
ագրեսիայի միջոցով նրանք հետապնդում էին հայկական առաջին հաղթանակի արդյունքը շրջելու եւ 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տառն ու ոգին վերականգնելու նպատակ:
 
Հայաստանում չկար քաղաքական իշխանություն եւ քաղաքական համակարգ, որն ունակ կլիներ դիմակայել այդ գործընթացին: Ոչ լեգիտիմ քաղաքական իշխանությունը եւ քաղաքական համակարգը տարիների ընթացքում ձեւավորել, իսկ ապրիլյան քառօրյային անմիջապես նախորդած մի քանի տարիների ընթացքում բյուրեղացրել էին մի քաղաքական իրականություն, որը պարարտ հող էր ռազմա-քաղաքական բալանսը խախտելու եւ Հայաստանի դեմ ագրեսիան հասունացնելու համար:
 
Ապրիլյան պատերազմին նախորդող երկու-երեք տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքը անցնում էր իշխանության եւ այսպես կոչված ոչիշխանական բեւեռի պայքարով, որտեղ այդ բեւեռը նպաստում էր Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերի լեգիտիմացմանը, ռազմա-քաղաքական բալանսը պահելու Հայաստանի թեկուզ թույլ ջանքի չեզոքացմանը:
 
Ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանում շատ է խոսվել դրա դասերի մասին: Այդ խոսակցությունը հիմնականում կենտրոնանում է կառավարման էֆեկտիվության, կոռուպցիայի բացառման վրա: Դրանք անշուշտ կարեւոր եւ հիմնարար նշանակության գործոններ են: Սակայն, ապրիլյան քառօրյայի դասը չի կարող լինել լիարժեք եւ ամբողջական, եթե այն չի ընդգրկում տեղի ունեցածի աշխարհքաղաքական համատեքստն ու դրան Հայաստանի քաղաքական համակարգի համարժեքության խնդիրը:
 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 534 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար