Հայաստանը սրում է անհամաձայնությունը. Էրդողանի զանգը Պուտինին


Հայաստանը սրում է անհամաձայնությունը. Էրդողանի զանգը Պուտինին

  • 02-04-2020 16:29:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Ապրիլի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ, որի ընթացքում, ըստ հաղորդագրությունների, քննարկվել են Սիրիայի, Լիբիայի իրավիճակներին, Իդլիբում ռուս-թուրքական պայմանավորվածության կատարմանն առնչվող հարցեր, նաեւ ռեգիոնալ խնդիրներ:
 
Էրդողանն ըստ երեւույթին մնացել է մենակ: Ընդամենը մարտի սկզբին աշխարհքաղաքական եղանակը թելադրում էին Մոսկվան ու Անկարան՝ Իդլիբում պատերազմական վիճակով: Մարտի 5-ին Էրդողանը գնաց Մոսկվա եւ պայմանավորվեց Ռուսաստանի հետ՝ մարտերը կանգնեցնելու հարցում: Գործնականում պահպանվեց այն իրավիճակը, որ հաստատվել էր ռուս-սիրիական գրոհի արդյունքում:
 
Մոսկվայում պայմանավորվածությունից հետո համաշխարհային պատկերը կտրուկ փոխվեց կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով: Արդյոք այդ հանգամանքը Պուտինին տվել է Էրդողանի հետ որոշակի այլ պայմանավորվածություններից խուսանվելու հնարավորություն: Ի վերջո, ինչի՞ համար Էրդողանը գնաց Իդլիբում փաստացի Պուտինի պայմաններով կանգ առնելու համաձայնության:
 
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, ինչպես հայտնում է Կրեմլը: Էրդողանն ըստ երեւույթին զանգահարել է Պուտինին ինչ որ բան հիշեցնելու: Թուրքական կողմը հայտնել էր, որ զրույցի ընթաքում քննարկել են նաեւ ռեգիոնալ խնդիրներ: Դա կարեւոր է, նկատի առնելով մարտի 30-ին Տավուշի՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի փորձը:
 
Հայաստանի արտգործնախարարությունը ակնարկել էր դիվերսիայի թուրքական «ծագման» հավանականությունը, նշելով, որ Ալիեւը չի կառավարում ադրբեջանական բանակը: Էրդողանը Պուտինի հետ ըստ երեւույթին քննարկել է այդ ռեգիոնալ խնդիրները: Արդյոք դրանց հետ կապված քննարկումներ եղել են նաեւ Մոսկվայում՝ մարտի 5-ին, ինչը կանգնեցրել է Էրդողանին:
 
Միեւնույն ժամանակ, դա կապված է արցախյան հարցի՞, թե Ադրբեջանի իշխանության հետ, որի հարցում ակնհայտ պայքար է ընթանում Մոսկվայի ու Անկարայի միջեւ:
 
Բաքվի համար ռուս-թուրքական պայքարում արցախյան հարցը դուրս է գալիս ակտուալությունից: Եթե Հայաստանը պահում է դիրքերն ու ամրացնում դրանք, այդ հանգամանքը ժամանակի մեջ ավելի է սրելու Բաքվի հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի անհամաձայնությունը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play