Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը. ՀԺ


Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը. ՀԺ

  • 02-04-2020 19:03:09   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները:
 
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մարտի 30-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական շփման գծում արդբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն փորձին:
 
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մարտի 30-ի երեկոյան ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում էին ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել էր պատշգամբում:
 
«Հայտնում եմ, որ մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները, և բացի այդ, կրակահերթի տակ են հայտնվում քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, վիրավորներ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և օբյեկտիվ հնարավորությունների ի հայտ գալու պարագայում կրկին հավաքվել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց Զախարովան:
 
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը