Հետաքրքիր տեղեկություն Վրաստանից


Հետաքրքիր տեղեկություն Վրաստանից

  • 03-04-2020 15:30:08   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրացի գիտնականները սեքվենիրացման մեթոդով վերծանել են 6 պացիենտի կորոնավիրուսի գենոմը, «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն: Նշվում է, որ դա կարեւոր է նոր կորոնավիրուսի էվոլյուցիան եւ դրա տարածման դինամիկան հասկանալու համար: Գենոմը պարզելու շնորհիվ հաջողվել է որոշ դեպքերում պարզել պացիենտների վարակման աղբյուրները: Օրինակ՝ պացիենտն ասել է, որ շփում է ունեցել մի քանի օտարերկրացիների հետ: Գենետիկ անալիզը հնարավորություն է տվել պարզելու, թե պացիենտն իրականում կոնկրետ որ օտարերկրացուց է վարակվել, քանի որ նրա մոտ հայտնաբերված վիրուսը նույնական էր նրան, որը տարածված է այդ օտարերկրացու հայրենիքում:
 
Վրաստանում գենոմների սեքվենիրացմամբ զբաղվում են Թբիլիսիի Ռիչարդ Լուգարի անվան Հանրային առողջության հետազոտական կենտրոնում: Դա հայտնի ամերիկյան կենսալաբորատորիաների շարքից է, որոնք կառուցվել են հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում:
 
Հայտնի է Ռուսաստանի անհանգստությունն այդ լաբորատորիաների կապակցությամբ: Վրաստանի Լուգարիի անվան լաբորատորիան առաջինն է, որ կառուցվել է դեռեւս Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության ընթացքում: Ընդ որում, համաճարակի այս օրերին Միխայիլ Սահակաշվիլին շատ է հիշատակում այդ լաբորատորիան, ուկրաինական ալիքներով խոսելով համաճարակի եւ Ուկրաինայում դրա դեմ պայքարի անարդյունավետության մասին:
 
Սահակաշվիլին քննադատում է ուկրաինական առողջապահական համակարգը, ենթակառուցվածքների վիճակը, ասելով, որ պատճառը երկար տարիների կառուպցիոն կառավարումն է: Նա նշում է, որ ամերիկացիները ուզում էին առաջին լաբորատորիան ստեղծել Ուկրաիայում, սակայն Կիեւը մերժել է՝ լսելով Մոսկվային, իսկ ահա ինքը հընթացս վերցրել է նախաձեռնությունն ու առաջարկել կառուցել Թբիլիսիում:
 
Թբիլիսիի լաբորատորիան համարվում է ամենաառաջինն ու ամենածավալունը: Միաժամանակ հետաքրքիր է, որ հետխորհրդային տարածքում համաճարակի վիճակագրության առումով ամենից նվազ պատկերը հենց Վրաստանում է:
 
Իհարկե, որեւէ երկրի առումով պատկերը կարող է լինել խաբուսիկ, ընդ որում ոչ միայն դիտավորության հետեւանքով: Ի վերջո, ճշգրիտ պատկեր կարող է տալ միայն բնակչության համատարած թեստավորումը, ինչը կարծես թե կիրառելի չէ որեւէ երկրում:
 
Այդուհանդերձ, արդյոք Վրաստանի համեմատաբար բարվոք վիճակագրության գործում իր արդյունավետ ազդեցությունն ունի ամերիկյան կենսալաբորատորիան, որի մասնագիտական աշխատանքը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ գնահատել համաճարակի ռիսկերն ու շղթաները, ըստ այդմ դրանց արձագանքել առավել արդյունավետ:
 
Մյուս հետխոհրդային երկրներում լաբորատորիաները կառուցվել են համեմատաբար ավելի ուշ, եւ հնարավոր է նաեւ զուտ քաղաքական իրողությունների բերումով դրանց հզորություններն ամենեւին այն չեն, ինչպես Վրաստանի լաբորատորիայի դեպքում:
 
Ի դեպ, այդ իմաստով հետաքրքիր է, արդյո՞ք Հայաստանում համաճարակի կառավարման գործում ներգրավված է 2016 թվականից Հայաստանում գործող այդօրինակ լաբորատորիան, թե՞ այն չի հասցրել ծավալվել աշխույժ մասնագիտական ներգրավվածություն ունենալու համար: Արդյոք դրա մասին խոսակցություն եղել է օրերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի եւ Հայաստանի արտգործնախարարի հեռախոսազրույցում: Դրա ընթացքում քննարկվել էր համաճարակի դեմ պայքարն ու այդ հարցում գործակցությունը:
 
Հարկ է արձանագրել, որ լաբորատորիաները կառուցվել են ամերիկյան աջակցությամբ, բայց դրանք հանձնված են տվյալ երկրներին եւ նրանց սեփականությունն են:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir. am

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը