Հայաստանի գազային ոդիսականի խայտառակ ավարտը


Հայաստանի գազային ոդիսականի խայտառակ ավարտը

  • 04-04-2020 12:37:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Լուսանկարում` 2013-ի դեկտեմբերի 23-ի ակցիան ԱԺ մոտ. այդ օրը ԱԺ-ն վավերացրեց գազային համաձայնագիրը։
 
ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, խոսելով գազի գնի թանկացման Գազպրոմ Արմենիայի հայտի մասին, նշել է, որ Հայաստանը անորոշ կեցվածք ունի ՌԴ հանդեպ, եւ այդ պատճառով Ռուսաստանն ունի այդպիսի տրամադրություն:
 
Հարգարժան տնտեսագետը արտահայտում է հետաքրքիր դիտարկում, առաջացնելով հարց, թե ո՞րն է Մոսկվայի հանդեպ այն կեցվածքը, որը պետք է Հայաստանի հանդեպ բերի գազի այսպես ասած մեղմ գնի: Բանն այն է, որ Մոսկվան անցնող առնվազն երկու տասնամյակի ընթացքում Հայաստանի համար գազի գինը բարձրացրել է պարբերաբար: Օրինակ, այդ սպառնալից որոշումը կայացվեց Մոսկվայի հետ հարաբերությունների միակ ու անփոխարինելի մասնագետ դիտարկվող Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ 2006 թվականին: Հայկական կողմը թանկացումը մեղմելու համար Հրազդանի 5-րդ բլոկը վաճառեց Գազպրոմին, հետո այդ փողի կեսից ավելիով սուբսիդավորեց թանկացված գազի գինը, փաստորեն վերադարձնելով նույն Գազպրոմին:
 
Զուգահեռ, այդ տարիներին գրեթե հավասար բաժնեմասով ստեղծված Հայռուսգազարդում քայլ առ քայլ ավելանում էր Գազպրոմի բաժինը, եւ անգամ ռուսական ընկերության հաշվեկշռին փոխանցվեց Հայաստան-Իրան գազամուղը:
 
Միայն այդ ամենի դիմաց Մոսկվան համաձայնեց երեք տարի չթանկացնել գազը: Երեք տարի անց դարձյալ եղավ քայլ առ քայլ թանկացում, իսկ 2011 թվականից Հայաստանը խնդրեց Գազպրոմին լռել երկու տարի, մինչեւ անցնի 2012-13 ընտրական փուլը: Հետո պարզեց, որ Հայաստանը կուտակել է 300 միիոն դոլարի պարտք՝ ՌԴ լռության դիմաց, որի փոխարեն էլ Հայռուսգազարդի վերջին 20 տոկոսը տրվեց Ռուսաստանին:
 
Եվ ուրեմն, ո՞րն է այդ «որոշակի» կեցվածքը, ըստ Վարդան Բոստանջյանի, որ Երեւանը հիմա չի դրսեւորում եւ բերում է թանկացման ռիսկի:
 
Բանն այն է, որ 2013 թվականին տեղի ունեցավ Հայաստանի նախորդ երկու տասնամյակի գազային ոդիսականի խայտառակ ավարտը՝ Գազպրոմի հետ պայմանագրի տեսքով, որ կնքվեց 2013 թվականի դեկտեմբերին: Դրանով դե ֆակտո Գազպրոմին հանձնվեց ամբողջ Հայաստանը:
 
Այդ հանձնումը խորհրդարանում տեղի ունեցավ զարմանալի իրավիճակում: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերցրեց քվեարկության քարտերը: Մեծամասնություն ՀՀԿ-ն որոշեց քվեարկել ձեռքով՝ պայմանագիրը վավերացնելիս: Բայց դահլիճում չկար այնքան ՀՀԿ-ական, որ բավարարեր վավերացման քվեարկության համար, եթե ընդդիմությունից չմիանար ոչ ոք: Ընդդիմությունը չմիացավ քվեարկությանը, ուղիղ կերպով, բայց միացավ անուղղակի: ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը իբրեւ թե ի նշան բողոքի լքեցին դահիլիճը, իբրեւ թե կոշտ քննադատելով պայմանագիրն ու ՀՀԿ պահվածքը:
 
Իրականում, ՀՀԿ-ին թողեցին իր քվեարկության հետ մենակ, որպեսզի ձեռքով քվեարկության ժամանակ այլոց փոխարեն քվեարկելու հնարավորություն չունեցող ՀՀԿ-ն ձեռքերը հաշվելու հարցում ազատ լիներ: Այդպիսով, բոլորը մասնակից դարձան այդ ակտին:
 
Ներկայում Հայաստանը դրել է Ռուսաստանի հետ հարաբերության վերբեռնման խնդիր, որի հիմքում հռչակվել է ինքնիշխանությունը, միմյանց ներքին գործին չմիջամտելու հանգամանքը: Իհարկե, թե Հայաստանում, թե Ռուսաստանում դա խորթ է շատ ականջների, այն պարագայում, երբ տարիներ շարունակ Հայաստանի դիրքը եղել է շատ որոշակի: Այդ իսկ պատճառով էլ խիստ որոշակի է եղել խայտառակությունը, որի համար վճարել է Հայաստանը, իսկ այսպես ասած կոմիսիոն տոկոսները գնացել են քաղաքական կոնկրետ ուղղություններով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն