Եթե կորոնավիրուսի դեպքերի նվազման դինամիկան հաստատվի, հնարավոր է հաջորդ շաբաթվանից թուլացվեն ռեժիմները և մարդիկ վերադառնան բնականոն կյանք. Նիկոլ Փաշինյան


Եթե կորոնավիրուսի դեպքերի նվազման դինամիկան հաստատվի, հնարավոր է հաջորդ շաբաթվանից թուլացվեն ռեժիմները և մարդիկ վերադառնան բնականոն կյանք. Նիկոլ Փաշինյան

  • 06-04-2020 11:12:19   | Հայաստան  |  Հասարակություն

Երեկ ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, և այդ դեպքերից դական է եղել ընդամենը 11-ը: Սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է: 
 
Այս մասին ապրիլի 6-ին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ եթե այդպես շարունակվի, կնշանակի, որ համաճարակի ողնաշարը «ջարդել» են: 
 
Ըստ նրա՝ սա լավ լուր է ոչ միայն առանձին օրվա համար, այլև ընդհանուր դինամիկայի առումով:
 
«Խնդիրն այն է, որ նախկինում էլ օրեր ենք ունեցել, երբ որ անկում է եղել, իհարկե նախորդ օրվա հետ համեմատած, բայց հաջորդ օրն էլի թվերն աճել են, և այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը մենք կիմանանք վաղն առավոտյան: Բայց մյուս կողմից ես կարող եմ բերել օրինակ ապրիլի 3-ի տվյալները, երբ որ կատարվել էր 253 հետազոտություն, որից դրական է եղել 34-ը: Այսինքն, եթե համեմատենք այս 253-ը և 263-ը, դեպի 3 անգամ նվազում ունենք դրական դինամիկայի»,- նկատեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ ինքն ուղիղ եթեր է մտել ոչ այնքան այս լուրը հայտնելու, որքան հասարակության ուշադրությունը հրավիրելու այն բանի վրա, որ եթե կորոնավիրուսի դեպքերի նվազման դինամիկան հաստատվի, ապա կնշանակի, որ կորոնավիրուսի կանախարգելման ուղղությամբ կիրառվող միջոցառումները սկսել են իրենց արդյունքը տալ: 
 
«Եթե այդպես է, նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում եթե ավելի խստորեն պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից սկսենք ռեժիմների թուլացում և մտածենք բնականոն կյանքին վերադառանալու մասին: Սա ասում եմ սիրելի հայրենակիցներ, որ նաև ինձ իրավունք վերապահեմ խնդրելու առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները»,- ընդգծեց վարչապետը: 
 
Նա տեղեկացրեց, որ կա նաև վատ լուր, այն է՝ ևս մեկ մահվան դեպք է գրանցվել, իսկ մահացողը 68-ամյա քաղաքացի է, որի մոտ առկա է եղել երկկողմանի պուլիսեգմենտար ձուլվող թոքաբորբ, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է, նաև ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա և այլն: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն